Նեմցովի սպանության վարկածները՝ ըստ «Կոմերսանտի»

Nemtsov Cameras

Փետրվարի 27-ի ուշ երեկոյան Մոսկվայի կենտրոնում՝ Կրեմլի մոտ, սպանվել է ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը: Հետաքննչական մարմիններն ու իշխանությունները հայտնի քաղաքական գործչի սպանությունը միանգամից որակեցին պատվիրված, սակայն սպանության վարկածներն այնքան շատ են, որ չի հաջողվել դրանցից որևէ մեկը որպես գլխավոր ընտրել, գրել է «Կոմերսանտ» թերթը:

Միակ բանը, որում համոզված են հետաքննության մասնակիցները, այն է, որ հանցագործները գործի պրոֆեսիոնալ չէին, համենայնդեպս, օգտագործել են մոտ քսանամյա ոչ հուսալի զենք և զինամթերք և նույնիսկ կենդանի են թողել սպանության գլխավոր կասկածյալին՝ Նեմցովի ընկերուհուն:

«Կոմերսանտի» տվյալներով՝ Բորիս Նեմցովի սպանությունը գրանցվել է որպես փետրվարի 27-ին Մոսկվայում կատարված «ամենանշանակալի սպանություն»: Այդ օրը՝ 23:35-ի շրջանում, ոստիկանությունը ահազանգ է ստացել Մոսկվորեցկի կամրջի վրա «հրազենային վնասվածքի» մասին: Տեղի ունեցածի վկաները Նեմցովի ընկերուհի ֆոտոմոդել Աննա Դուրիցկայան է և մի քանի անցորդներ: Միասին ընթրելուց հետո զույգն ուղևորվել է դեպի Նեմցովի տուն, սակայն կամրջի վրայով մի քանի քայլ չանցած՝ նրանց մոտեցել է անծանոթ մեկը, կրակել Նեմցովի վրա ու նստելով այդ պահին մոտեցած սպիտակ մի մեքենա՝ հեռացել դեպքի վայրից:

Մարդասպանի ավտոմեքենան չի հաջողվել գտնել «տաք հետքերով», քանի որ շրջակայքում տեղադրված տեսախցիկներից ստացված տեսագրությունները կա՛մ պարզ չէին, կա՛մ ընդհանրապես չեն եղել՝ վերանորոգման աշխատանքների պատճառով:

Բուն սպանության պահը հեռվից նկարահանել է «ՏՎՑ» հեռուստաալիքի տեսախցիկը, որի միջոցով ստացված տեսագրություններն օգտագործվում են լուրերի թողարկումներում:

Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը տեղեկացրել է, որ Նեմցովի սպանությունը կարող էր կատարվել սադիչ նպատակներով՝ երկրում քաղաքական իրադրությունն ապակայունացնելու նպատակով:

«Կոմերսանտի» տվյալներով՝ օպերատիվ ծառայություններում ակտիվորեն քննարկվում է Բորիս Նեմցովի սպանության մեջ ուկրաինական հետքի վարկածը:

Ավելին՝ Մարկինը հայտնել է, որ իրավապահները ստուգում են իսլամիստ ծայրահեղականների հետքի հետ կապված վարկածը: Ըստ պաշտոնյայի՝ հետաքննությունն ոնի տվյալներ այն մասին, որ Նեմցովը սպառնալիքներ է ստացել Փարիզում Charlie Hebdo-ի սպանդի վերաբերյալ իր դիրքորոշման համար: Սպառնալիքները հնչել են Մուհամեդ մարգարեի պատկերով ծաղրանկարների քննադատներից:

Մոսկվայի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության մամուլի ծառայությունը հերքել է տեղեկությունը, թե տեսախցիկները Նեմցովի սպանության օրն անսարք էին:

«Բոլոր տեսախցիկները փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը աշխատել են, բոլոր նյութերը հասանելի են քննչական մարմիններին, այդ ժամանակ վերանորոգման որևէ աշխատանքներ չեն տարվել»,- «ՌԻԱ նովոստի» գործակալությունը մեջբերում է վարչության հաղորդագրությունը:

***

Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը, որը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մոլեգին քննադատն էր, սպանվել է փետրվարի 27-ի ուշ երեկոյան Կրեմլի մոտակայքում: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Նեմցովին սպանել են մոտ անցնող մեքենայից: Դեպքի վայրում գտնվել է վեց փամփուշտ, որից չորսը խոցել են զոհին:

Փետրվարի 10-ին մի հարցազրույցում Նեմցովն ասել էր, թե վախենում է, որ Պուտինը իրեն կսպանի:

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը փետրվարի 28-ին` ավելի վաղ, հայտարարել էր, որ «այս դաժան սպանությունն ունի պատվիրված լինելու բոլոր նախանշանները, և կրում է բացառապես սադրիչ բնույթ»:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագիր է հղել Նեմցովի մորը` Դինա Էյդմանին` խոստանալով, որ «կարվի ամեն բան, որպեսզի ստոր և անամոթ սպանության կազմակերպիչներն ու իրագործողները կրեն արժանի պատիժ»:

Սպանությունը դատապարտել է նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Սպիտակ տան հայտարարության մեջ Ռուսաստանի իշխանություններին կոչ է արվում «սպանության հանգամանքների արագ և թափանցիկ հետաքննություն անցկացնել և ապահովել, որպեսզի մեղավորները հանձնվեն դատաիրավական համակարգին»:

Հայ ազգային կոնգրեսը նույնպես փետրվարի 28-ին հանդես է եկել հայտարարությամբ` դատապարտելով ռուս ընդդիմադիր գործչի սպանությունը:

Ռուսաստանի ընդդիմությունը, պայմանավորված Բորիս Նեմցովի սպանությամբ, չեղյալ է հայտարարել մարտի 1-ին նախատեսված «Գարուն» երթը, որի կազմակերպիչներից մեկն էր հենց Նեմցովը: Մարտի 1-ին Բորիս Նեմցովի հիշատակին բազմահազարանոց երթ է կազմակերպվել Մոսկվայում, նրա հիշատակը հարգել են նաև Ռուսաստանի բազմաթիվ այլ քաղաքներում:

Մեկնաբանել