Կադիրովն ու նրա հնարավոր առնչությունը Նեմցովի սպանությանը

KadyrovԻնչպես Ռուսաստանում, այնպես էլ Արևմուտքում շատերն անխուսափելիորեն Կրեմլին են տեսնում փետրվարի 27-ին ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության գլխավոր կասկածյալի դերում: Սակայն, ինչպես գրում է «Ազատություն» ռադիոկայանի վերլուծաբան, Կովկասի հարցերով խմբագիր Լիզ Ֆուլերը ռադիոկայանի անգլալեզու էջում, չպետք է անտեսել չեչենական կապի հնարավորությունը` հաշվի առնելով Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հասցեին Նեմցովի քննադատությունները և այն փաստը, որ 2011-ից սկսած` Կադիրովին հավատարիմ անվտանգության ծառայության աշխատակիցները, ինչպես հաղորդվում է, լիակատար անպատժելիության մթնոլորտում առևանգումներ և սպանություններ են իրականացնում Մոսկվայում: Ուստի չի բացառվում նաև տարբերակը, որ Կադիրովի մարդիկ կարող էին սպանել Նեմցովին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ:

«Կավկազսկի ուզել» կայքը հիշեցնում է, որ չորս տարի առաջ Կադիրովը հրապարակայնորեն կոչ էր արել ձերբակալել Նեմցովին` մատնանշելով նրա դերը 2010թ. դեկտեմբերին Մոսկվայում տեղի ունեցած զանգվածային անկարգություններում: Նեմցովն ի պատասխան Կադիրովին անվանել էր «հոգեպես ծանր հիվանդ մարդ», որը շտապ բուժօգնության կարիք ունի: Նեմցովը ափսոսանք էր հայտնել, որ այդպիսի մարդը վերահսկում է ամբողջ Կովկասը, և հույս էր հայտնել, որ «վերջիվերջո նա կհեռացվի և պատասխան կտա ամեն ինչի համար»:

2014թ. մայիսին Նեմցովը պաշտոնական խնդրանքով դիմել էր ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության պետ Ալեքսանդր Բորտնիկովին` հետաքննելու տեղեկությունները, թե արյդոք Չեչնիայի անվտանգության ծառայության աշխատակիցներն ուղարկվել են Ուկրաինայի արևելք` կռվելու ռուսամետ անջատականների կողմից:

Բավական վերջերս Նեմցովը քննադատության էր ենթարկել 2014թ. դեկտեմբերի վերջին Գրոզնիում անվտանգության ուժերի` Կադիրովի կազմակերպած հուժկու հանրահավաքը, որի ընթացքում վերջինս վստահեցրել էր, որ իր տրամադրության տակ ունի Պուտինին հավատարիմ 10 հազ. կամավորներ, որոնք պատրաստ են «կատարել յուրաքանչյուր հրաման»` պաշտպանելու կայունությունը Ռուսաստանում: Նեմցովը Կրեմլի տարեկան լրահակտացումները Չեչնիային գնահատել էր 60 մլրդ ռուբլի (շուրջ 1 մլրդ դոլար) և կանխատեսել էր, որ Ռուսաստանի տնտեսական խնդիրների լույսի ներքո «Կադիրովի և Պուտինի լուռ գործարքը` փող` հավատարմության դիմաց, ավարտին է մոտենում»:

Ռամզան Կադիրովն Instagram-ի իր էջում Արևմուտքին է մեղադրել Նեմցովի սպանության համար: Նա գրել է, թե «կասկած չկա», որ Նեմցովի սպանության հետևում կանգնած են Արևմուտքի հատուկ ծառայությունները, որոնք մտադիր են ապակայունացնել իրավիճակը Ռուսաստանում: Կադիրովը նաև նշել է, որ Նեմցովը տպավորված չէր Չեչնիան վերականգնելու իր ջանքերից:

***

Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը, որը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մոլեգին քննադատն էր, սպանվել է փետրվարի 27-ի ուշ երեկոյան Կրեմլի մոտակայքում: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Նեմցովին սպանել են մոտ անցնող մեքենայից:

Փետրվարի 10-ին մի հարցազրույցում Նեմցովն ասել էր, թե վախենում է, որ Պուտինը իրեն կսպանի:

Վերջինիս մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ «այս դաժան սպանությունն ունի պատվիրված լինելու բոլոր նախանշանները, և կրում է բացառապես սադրիչ բնույթ»:

Ինքը` Պուտինը, ավելի ուշ ցավակցական հեռագիր էր հղել Բորիս Նեմցովի մորը` Դինա Էյդմանին` խոստանալով, որ «կարվի ամեն բան, որպեսզի ստոր և անամոթ սպանության կազմակերպիչներն ու իրագործողները կրեն արժանի պատիժ»:

Մեկնաբանել