ԱՄԷ-ի և Քուվեյթի հայ գործարարները կմասնակցեն Արցախում ներդրումային ծրագրերին

3Արաբական Միացյալ Էմիրությունների և Քուվեյթի հայազգի տասնյակ գործարարների ներկայացվել են «Արցախ րութս ինվեսթմենթ» ընկերության ծրագրերը, որոնք միտված են ԼՂՀ Քաշաթաղի և Շահումյանի շրջաններում գյուղատնտեսության և բնակարանաշինության զարգացմանը: Գործարարները ծրագրերին ծանոթացել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակության՝ փետրվարի 27-ից մարտի 1-ը կատարած աշխատանքային այցի շրջանակում:

Ինչպես հաղորդում են ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունից, Արայիկ Հարությունյանը բարձր է գնահատել «ԱՐԻ» ընկերության վեցամյա գործունեությունը ԼՂՀ-ում՝ կարևորելով դրա կապիտալի մեծացման նշանակությունը: Նա կատարված ծրագրերից առանձնացրել է հատկապես գյուղատնտեսական փոքր վարկերի տրամադրումը և Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքում 50 բնակարանների կառուցումը, որը դեռևս ընթացքի մեջ է, և սոցիալական ծրագրերի շրջանակներում դրանց մի մասը տրամադրվելու է վերաբնակիչներին, իսկ մյուս մասը վաճառվելու է հիփոթեքային արտոնյալ պայմաններով:

Հարությունյանը հորդորել է ներդրողներին գործուն մասնակցություն ունենալ ընկերության ծրագրերում: Հետագա համագործակցության վերաբերյալ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ գործարարների հետ, որոնք իրենց մասնակցությունը կունենան «ԱՐԻ»-ի ներդրումային ֆոնդի մեծացման գործում:

Վարչապետի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Քուվեյթում և ԱՄԷ-ում ՀՀ դեսպանների և համայնքների հոգևոր առաջնորդների հետ: Քննարկվել են համագործակցության խորացման հնարավորությունները և ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ այդ ուղղությամբ:

***

«ԱՐԻ»-ն հիմնադրվել է 2009թ. լիբանանահայ գործարարների կողմից՝ ԼՂՀ Քաշաթաղի և Շահումյանի շրջանների գյուղատնտեսությունը զարգացնելու նպատակով: Այս շրջանների բնակիչները 2010-ից օգտվում են ընկերության՝ նպատակային փոխառությամբ տրամադրվող ֆինանսական միջոցներից:

Ներդրողները գումարները ԼՂՀ կառավարությանն են տրամադրում տարեկան 9%  տոկոսադրույքով: Դրանից 3%-ը սուբսիդավորում է պետությունը, և վերոնշյալ շրջանների բնակիչները ստանում են միջնաժամկետ, առանց գրավի և 6% տոկոսադրույքով փոխառություններ:

6 տարիների ընթացքում «ԱՐԻ»-ն Քաշաթաղի ու Շահումյանի շրջաններում շուրջ 1 միլիարդ 260 միլիոն  դրամի ծրագրեր է իրականացրել՝ արտոնյալ պայմաններով փոխառություններ տրամադրելով ավելի քան 1000 ընտանիքների:

Սիվիլնեթը 2014-ի սեպտեմբերին զրուցել էր «ԱՐԻ»-ի հիմնադիրների հետ: Հարցազրույցը` ստորև: