Թուրք բարձրաստիճան նախկին պաշտոնյան կալանավորվել է Դինքի գործով

Screen Shot 2015-03-02 at 18.50.07Հարցաքննությունից հետո Հրանտ Դինքի գործով կալանավորվել է ոստիկանության հետախուզության նախկին պետ Ռամազան Աքյուրեքը, հաղորդում է Պոլսի «Ակօս» շաբաթաթերթը: Դինքի փաստաբանները մեղադրում են բարձրաստիճան թուրք պաշտոնյային սպանության մասին տեղյակ լինելու և այն չկանխելու մեջ: Ռամազան Աքյուրեքը հարցաքննության ընթացքում հայտնել է, որ Դինքի սպանության պատասխանատվությունը կրում է Ստամբուլի ոստիկանությունը, և ինքը սպանությանն առնչվող որևէ տեղեկություն չի թաքցրել պատկան մարմիններից:

Հարցաքննության ընթացքում Աքյուրեքն անդրադարձել է Ստամբուլի ոստիկանության պետ Ջելալեթին Ջերահի՝ իր դեմ հնչեցրած մեղադրանքներին: Ըստ նրա՝ Դինքի սպանության օրը տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել են այն ժամանակվա ներքին գործերի նախարար Աբդուլքադիր Աքսուն, արդարադատության նախարար Ջեմիլ Չիչեքն ու Ռամազան Աքյուրեքը: Սրդյո՞ք Աքյուրեքը տեղի ունեցածի վերաբերյալ որևէ տեղեկություն ունի հարցին, Աքյուրեքը պատասխանել է՝ ոչ: Սակայն ըստ Ջերահի՝ գոյություն ունի զեկույց, որտեղ Աքյուրեքն ասում է. «Ինչ գնով էլ լինի, Յասին Հայալը Հրանտ Դինքին պիտի սպանի»:

Աքյուրեքն ասել է, որ Ջերահի խոսքերը չեն համապատասխանում իրականությանը, որ ինքը, որպես ոստիկանության հետախուզության պետ, Ստամբուլի անվտանգության վարչությանը տեղեկացրել է սպանության հնարավոր իրականացնողի անունը:

Հարցաքննությունից հետո Ռամազան Աքյուրեքը կալանավորել է «անփութության հետևանքով սպանության պատճառ դառնալու», «պաշտոնական փաստաթղթերը կեղծելու» և «պաշտոնը չարաշահելու» մեղադրանքով:

Հատկապես հակակառավարական տրամադրություններ ունեցող թուրքական լրատվամիջոցները Աքյուրեքի կալանավորումը դիտարկում են Էրդողան-Գյուլեն հակասությունների համատեքստում:

Պատահական չէ, որ Աքյուրեքի կալանավորմանն անդրադարձել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա, Սաուդյան Արաբիա մեկնելիս, պատասխանել է լրագրողների հարցերին: Զուգահեռ կառույցի (Գյուլենական համայնք-ՍիվիլՆեթ) և Հրանտ Դինքի սպանության մեջ դրա դերակատարության, ինչպես նաև Ռամազան Աքյուրեքի ձերբակալության մասին հարցին՝ Էրդողանն ասել է. «Նրանք (Ֆեթուլլահ Գյուլենի կողմակիցները-ՍիվիլՆեթ) մեծ խմբերով փախչում են Թուրքիայից, փախուստն սկսված է: Ամեն օր դատարանը նոր ու բազմաբնույթ տեղեկություններ է ձեռք բերում: Հրանտ Դինքի գործի վերջին զարգացումները հետաքրքիր են: Սկսել են ի հայտ գալ հիմնական դերակատարները: Ես իրավաբան չեմ, սակայն, ասել, թե անփութություն է եղել, հնարավոր չէ: Այս դեպքում գործ ունենք կանխամտածված սպանության հետ, անփութություն չկա»:

Հրանտ Դինքի ընկերները թեպետ նշում են, որ սպանության կազմակերպման անմիջական աղերս ունեցող մարդիկ կապ ունեն Գյուլենական համայնքի հետ, սակայն կարծում են, որ կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, օգտագործելով գյուլենականների հետ հակասությունը, փորձում է մեղքը նրանց վրա բարդել:

Հրանտ Դինքը սպանվել է 2007թ. հունվարի 19-ին: Հինգ տարի ընթացող դատավարությունից հետո՝ 2012թ. հունվարի 17-ին, հրապարակվեց դատավճիռը, սակայն 2013թ. հունվարին Թուրքիայի հանրապետական դատախազությունը չեղյալ հայտարարեց Դինքի գործով դատավճիռը: Այժմ թիրախում Գյուլենի կողմնակիցներն են:

Մեկնաբանել