Նալբանդյանը Ժնևում խոսել է Մերձավոր Արևելքի քրիստոնյաների, Հայոց ցեղասպանության մասին

Geneva3Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 2-ին Ժնևում մասնակցել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանի շրջանակներում կայացած «Աջակցություն Մերձավոր Արևելքում քրիստոնյաների իրավունքներին» խորագրով քննարկմանը:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել Ռուսաստանի, Հայաստանի և Լիբանանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը, Էդվարդ Նալբանդյանը և Ջեբրան Բասիլը։

Իր ելույթում Էդվարդ Նալբանդյանը կենտրոնացել է Մերձավոր Արևելքում քրիստոնյաների թվի նվազմանը և առկա մարտահրավերներին:

«Մերձավոր Արևելքը հանդիսանում է բազմաթիվ քաղաքակրթությունների և կրոնների, ներառյալ՝ քրիստոնեության բնօրրան: Ցավոք, այսօր այս տարածաշրջանում քրիստոնեության գոյությունը լուրջ վտանգի տակ է: Քրիստոնյա փոքրամասնությունների դեմ հարձակումների մասին տագնապալից լուրերը հաճախակի են դարձել: Քսանմեկ եգիպտացի ղպտիների գլխատումը և Սիրիայում ասորիների դեմ դաժան հարձակումները միայն վերջին դրվագներն են: Այս տարածաշրջանում քրիստոնյաների նկատմամբ հալածանքը միայն այսօրվա երևույթ չէ: Բավական է նշել, որ քրիստոնյաների թիվը բնակչության ընդհանուր թվի հարաբերակցությամբ 20-րդ դարասկզբի առավել քան 20%-ից 21-րդ դարասկզբին նվազել է 5%-ից էլ պակաս: Մերձավոր Արևելքի քրիստոնյաները կարող են դիտարկվել որպես անհետացման եզրին հայտնված ամենախոցելի խմբերից մեկը՝ այդպիսով պահանջելով անհապաղ գործողություններ՝ նրանց պաշտպանության և աջակցության համար:

Որևէ մեկին չպետք է մոլորեցնի այն, որ կրոնական փոքրամասնությունների, մասնավորապես՝ Սիրայում և Իրաքում քրիստոնյաների դեմ շարունակվող բռնությունը իրականացվում է հենց կրոնի անունից: Մենք գործ ունենք այսպես կոչված «Իսլամական պետության», «Ալ-Նուսրայի» և այլ ահաբեկչական խմբերի կողմից քաղաքակիրթ աշխարհի դեմ հանցագործությունների հետ։ Բարբարոսները պատերազմ են հայտարարել մարդկությանը»,- ասել է Նալբանդյանը:

Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ ահաբեկչական այդ խմբավորումները մեծապես օգտվում են օտարերկրյա գրոհայինների ու ֆինանսական հոսքերից։ Նրանք սպառնում են կրոնական ու էթնիկ ամբողջական խմբերի գոյությանը, հետևապես պայքարը այդ ահաբեկիչների դեմ պետք է ընթանա ցեղասպանությունների կանխարգելման համատեքստում։

«Հայաստանը միանշանակորեն դատապարտել է վերոհիշյալ ահաբեկչական խմբերի կողմից իրականացված ոճրագործությունները, ներառյալ՝ Իրաքի եզդիների դեմ։ Մենք բազմաթիվ առիթներով կոչ ենք արել միջազգային հանրությանը՝ վճռական քայլեր ձեռնարկել նոր արհավիրքի դեմն առնելու նպատակով: Մենք շարունակաբար շեշտել ենք ահաբեկչական խմբերին ցուցաբերվող ցանկացած աջակցության անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը, այդ թվում՝ անդրսահմանային հարձակումների համար հարևան երկրների տարածքների օգտագործումը: Այս առումով Հայաստանը լիովին աջակցում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի լիակատար կատարմանը:

2014թ. մարտի 21-ին Ալ Քաիդայի հետ սերտորեն կապված ահաբեկչական խմբավորումները հարձակում գործեցին հիմնականում հայերով բնակեցված թուրք-սիրիական սահմանի վրա գտնվող Քեսաբի վրա, որի հետևանքով տեղի բնակչությունը հարկադրված էր լքել իրենց օջախները: Ծայրահեղական խմբերը պղծեցին և ավերեցին Քեսաբի հայկական կրոնական և մշակութային ժառանգությունը», – ասել է Նալբանդյանը։

Անդրադառնալով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին` նա նշել է. «Այս տարի ողջ աշխարհում ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Սիրիական Դեյր Զորը և շրջակա անապատը դարձան Հայոց ցեղասպանության հարյուր հազարավոր զոհերի մահվան քայլերթի վերջին հանգրվանը: Դեյր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին սրբավայր էր, որն ամփոփում էր Ցեղասպանության բազմաթիվ զոհերի մասունքները, հանդիսանում հիշատակի ոգեկոչման բազմաթիվ վայրերից մեկը: Սակայն Ցեղասպանության 100-րդ տարելիցին հնարավոր չի լինի հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին այնտեղ, քանզի 2014թ. սեպտեմբերին ահաբեկչական խմբավորումները քանդեցին եկեղեցին և պղծեցին սրբավայրը»:

«Մշակութային գլուխգործոցների կործանումը, որը, սովորաբար, հաջորդում է էթնիկ զտումներին, փորձ է՝ ջնջելու մարդկանց հիշողությունը, կործանելու հազարամյա պատմություն ունեցող հինավուրց մշակույթները և քաղաքակրթությունները: Մեկ շաբաթ էլ չի անցել այն օրից, երբ մենք բոլորս տեսանք սահմռկեցուցիչ տեսանյութը, թե ինչպես են «Իսլամական պետության» գրոհայինները Մոսուլի թանգարանում ավերում 2700-ամյա հուշարձանները: Քաղաքակրթության դեմ ուղղված այս ոճիրը աղաղակող հիշեցումն է անցյալում տեղի ունեցած նմանատիպ բարբարոսական արարքների` Բուդդայի բամիանական արձանների, Տիմբուկտուի դամբարանների և Նախիջևանում հայկական միջնադարյան հազարավոր խաչքարերի ոչնչացման դեպքերի, երբ ադրբեջանական կառավարության աչալուրջ հսկողության ներքո հազարավոր հուշարձաններ ոչնչացվեցին: Այս բարբարոսության հետ կապված Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային խորհուրդը (ICOMOS) հայտարարեց, որ «այս ժառանգությունը, որ ժամանակին իր արժեքավոր տեղն էր զբաղեցնում համաշխարհային ժառանգության գանձերի շարքում, այլևս չի կարող փոխանցվել հաջորդ սերունդներին:

Մի ժամանակաշրջանում, երբ մարդու իրավունքների պաշտպանությունը հանդիսանում է քաղաքակիրթ աշխարհի հիմնասյուներից, այլոց քաղաքակրթական արժեքների նկատմամբ անհանդուրժողականությունը, մշակութային և կրոնական ժառանգության միտումնավոր, հետևողական և շարունակաբար վնասումն ու ոչնչանցումը պետք է դատապարտվեն ամենայն վճռականությամբ», – ասել է Հայաստանի արտգործնախարարը:

Մեկնաբանել