Օբաման կասկածում է, որ Նեմցովի գործով արդար հետաքննություն կլինի Ռուսաստանում

Ռուսաստանում մարդու իրավունքների վիճակը շատ ավելի վատ է, քան հինգ, տասը տարի առաջ. Օբամա Ռուսաստանում մարդու իրավունքների վիճակը շատ ավելի վատ է, քան հինգ, տասը տարի առաջ. Օբամա

Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանությունը Ռուսաստանում քաղաքացիական հասարակության ներսում մթնոլորտի ցուցիչ է. Reuters գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

«Ես տեղի ունեցածի լիակատար և, հուսանք, անկախ հետաքննության կոչ եմ արել: Վստահ չեմ, թե դա հնարավոր է այսօրվա Ռուսաստանում,- ասել է Օբաման: – Դա Ռուսաստանում տիրող մթնոլորտի ցուցիչ է, որում քաղաքացիական հասարակությունը, անկախ լրագրողները, համացանցում հաղորդակցվող մարդիկ վախեցած են զգում իրենց, ռուսաստանյան հանրության տեղեկատվության միակ աղբյուրը պետության կողմից վերահսկվող լրատվամիջոցներն են: Դա խնդիր է»:

Reuters-ի հարցին, թե արդյոք ինքը չի՞ ցանկանում ասել՝ ներգրավվա՞ծ է, թե՞ ոչ Կրեմլը Նեմցովի սպանության մեջ, ԱՄՆ նախագահը պատասխանել է.

«Այս պահին տեղյակ չեմ՝ ինչ է կոնկրետ տեղի ունեցել: Հստակ գիտեմ մի բան՝ խոսքի, խաղաղ հավաքների, տեղեկատվության ազատությունները, հիմնարար իրավունքները Ռուսաստանում այսօր շատ ավելի վատ վիճակում են, քան հինգ, տասը տարի առաջ»,- ընդգծել է Միացյալ Նահանգների ղեկավարը:

***

Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը, որը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մոլեգին քննադատն էր, սպանվել է փետրվարի 27-ի ուշ երեկոյան Կրեմլի մոտակայքում: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Նեմցովին սպանել են մոտ անցնող մեքենայից:

Փետրվարի 10-ին մի հարցազրույցում Նեմցովն ասել էր, թե վախենում է, որ Պուտինը իրեն կսպանի:

Վերջինիս մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ «այս դաժան սպանությունն ունի պատվիրված լինելու բոլոր նախանշանները, և կրում է բացառապես սադրիչ բնույթ»:

Ինքը` Պուտինը, ավելի ուշ ցավակցական հեռագիր էր հղել Բորիս Նեմցովի մորը` Դինա Էյդմանին` խոստանալով, որ «կարվի ամեն բան, որպեսզի ստոր և անամոթ սպանության կազմակերպիչներն ու իրագործողները կրեն արժանի պատիժ»:

Մարտի 2-ին ռուսական «Կոմերսանտ» թերթն առաջ էր քաշել Նեմցովի սպանության մի քանի վարկածներ: «Ազատություն» ռադիոկայանի վերլուծաբան, Կովկասի հարցերով խմբագիր Լիզ Ֆուլերը ռադիոկայանի անգլալեզու էջում առաջ էր քաշել վարկած, ըստ որի՝ պետք չէ անտեսել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի առնչությունը Նեմցովի սպանությանը:

Մեկնաբանել