Փարիզում նռան հյութ են լցրել Թուրքիայի դեսպանի վրա

Screen Shot 2015-03-04 at 14.52.18Փարիզի Դեկարտ համալսարանի իրավաբանության ֆակուլտետում «Աշխարհիկությունը Թուրքիայում և Ֆրանսիայում» խորագրով կոնֆերանսի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Հաքքը Աքիլի հետ:

Ըստ թուրքական  լրատվամիջոցների՝ Թուրքիայի դեսպանի բանախոսության ժամանակ մի երիտասարդ մոտեցել է ամբիոնին և նռան հյութ լցրել նրա վրա: Անվտանգության աշխատակիցները վնասազերծել են երիտասարդին:

Հետագայում Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի «հարձակվողը» Ֆրանսիայի՝ ծագումով հայ քաղաքացի է:

Նռան հյութը Թուրքիայի դեսպանի վրա լցնողի անունը  թեպետ չի հաղորդվում, սակայն դեսպան Աքիլը տեղեկացրել է համապատասխան մարմիններին, որ նա «հարձակումներ է» իրականացրել Փարիզի և Մարսելի զբոսաշրջային ընկերությունների վրա: Ֆրանսիայի իրավապահ մարմիններն արդեն սկսել են զբաղվել միջադեպի քննությամբ:

Միջադեպը լայն արձագանք է գտել թուրքական մեդիայում:

Երբ Ֆրանսիայում Թուրքիայի  դեսպանին հարցրել են, թե սպասո՞ւմ էր ապրիլի 24-ից առաջ նման «հարձակում», դեսպանն ասել է, որ այդ հարցը պետք է տալ հայկական սփյուռքին:

«Հարձակման» ենթարկված Թուրքիայի դեսպանը հայկական մամուլի էջերում հայտնվեց 2014թ. նոյեմբերի առաջին օրերին, երբ թուրքական Posta թերթի նոյեմբերի 2-ի համարում հրապարակվեց Շառլ Ազնավուրի հետ աղմկահարույց հարցազրույցը: Հանդիպմանը ներկա էր նաև Թուրքիայի դեսպան Հաքքը Աքիլը: