ԵԺԿ-ն Հայոց ցեղասպանության մասին բանաձև է ընդունել

10409596_10152566724665356_1966961331970766164_nԵվրոպական ժողովրդական կուսակցությունը մարտի 3-ին (ԵԺԿ) Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև է ընդունել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի կրթության և գիտության նախարար, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որը մասնակցել է ԵԺԿ ժողովին Բրյուսելում;

«Բոլորիս շնորհավորում եմ պատմական արդարության վերականգնման ճանապարհին Եվրոպայի ամենախոշոր քաղաքական ընտանիքի աջակցությունը ստանալու կապակցությամբ»,- գրել է Աշոտյանը։

Ներկայում Բրյուսելում ընթանում է ԵԺԿ-ի քաղաքական համաժողովը։ Բանաձևի նախագիծը մշակվել է ԵԺԿ-ի անդամ երեք հայաստանյան կուսակցությունների՝ ՀՀԿ-ի, «ՕԵԿ-ի և «Ժառանգության» կողմից:

Աշոտյանը իր էջում տեղադրել է նաև 9 կետից բաղկացած բանաձևի տեքստը:

Բանաձևով դատապարտվում է հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը, դրա ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու և իրականացված ոճրագործությունները մոռացության մատնելու կամ արդարացնելու փորձերը:

ԵԺԿ-ն իր աջակցություն է հայտնում հայ ժողովրդի միջազգային պայքարին, որը տարվում է ցեղասպանությունների կանխման, ցեղասպանության ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգնման, ամրագրման և պատմական արդարության հաստատման համար:

Կառույցը կոչ է անում Թուրքիային հետևել հետպատերազմյան Գերմանիայի կողմից ցուցաբերած բացառիկ շիտակության ու նախաձեռնողականության օրինակին, ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության կողմից կատարված Հայոց ցեղասպանությունը` սթափ գնահատելով սեփական պատմությունը և հիշողությունը՝ հարգանքի տուրք մատուցելով մարդկության դեմ կատարված այլ զազրելի ոճրագործությունների զոհերի հիշատակին:

Բանաձևը կոչ է պարունակում նաև ուղղված՝ «ԵՄ-ին,ԵՄ հանձնաժողովին, ԵՄ Խորհրդին և Եվրախորհրդարանին, ինչպես նաև ողջ միջազգային հանրությանը ի գնահատումն Թուրքիայի ստանձնած պարտավորությունների` կենտրոնացնել ուշադրությունը ճանաչման և ընդհանուր ժառանգության վերականգնման և վերահաստատման վրա, ընդսմին, առաջադրված, այնուհետ և նշվող ապրիլի 24-ը հայ զոհերի հիշատակի պաշտոնական օր ընդունելու, Հայոց ցեղասպանությունը և մարդու կողմից մարդու հանդեպ կատարվող ոճրագործությունները դատապարտելու համար»:

Մեկնաբանել