Հայաստանում են ՆԱՏՕ-ի փորձագետները

2M5T5piaPlgIzCqtNe94nSoL0dՄարտի 2-4-ը հերթական ամենամյա այցով Երևանում է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) և Պլանավորման ու վերանայման գործընթացի (ՊՎԳ) իրականացման առաջընթացը գնահատող ՆԱՏՕ-ի խումբը:

Արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների համատեղ կազմակերպած այցը նպատակաուղղված է ԱԳԳԾ և ՊՎԳ ծրագրերով Հայաստանի և ՆԱՏՕ-ի ստանձնած փոխհանձնառությունների վերստուգմանը, համագործակցության և օժանդակության լրացուցիչ հնարավորությունների ի հայտ բերմանը, հաղորդում են պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

«Պաշտպանության նախարարության մասով ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը քննարկվել է աշխատանքային խմբերի միջև լիագումար հանդիպումների և պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ մտքերի ամփոփիչ փոխանակման տեսքով: Քննարկումների ժամանակ ուսումնասիրվել են ԱԳԳԾ և ՊՎԳ նպատակների իրականացման ուղղությամբ Հայաստանի պաշտպանական գերատեսչության կատարած աշխատանքները: Հատկապես ուշադրություն է դարձվել ռազմակրթական ու անձնակազմի կառավարման ոլորտի բարեփոխումների, փոխգործունակության ամրապնդման և միջազգային խաղաղապահության շրջանակների ընդլայնման, ինչպես նաև պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման և կանանց դերակատարման բարձրացման ուղղությամբ պաշտպանության նախարարության գործադրած ջանքերին»,- ասված է ՊՆ հաղորդագրությունում:

***

Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները սկիզբ են առել 1992-ին, երբ Հայաստանն անդամակցել է Հյուսիսատլանտյան համագործակցության խորհրդին (որը 1997-ին վերանվանվել է Եվրաատլանտյան գործընկերության խորհուրդ):

Համագործակցությունն ավելի ընդլայնվել է, երբ Հայաստանը 1994-ին միացել է Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրին: 2005թ. վերջին ՆԱՏՕ-ն և Հայաստանը համաձայնության են եկել երկրի առաջին անհատական գործընկերության գործողությունների ծրագրի վերաբերյալ:

ԱԳՆ պաշտոնական տեղեկատվության համաձայն` Հայաստանը ցանկանում է խորացնել ՆԱՏՕ-ի հետ գործնական և քաղաքական համագործակցությունը, սակայն չի ձգտում անդամակցել ՆԱՏՕ-ին: