Նալբանդյանը ՄԱԿ-ում կոչ է արել սատարել ցեղասպանության կանխարգելման Հայաստանի բանաձևը

g_imageՄարտի 3-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանին։

ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ` Նալբանդյանը կարևորել է Մարդու իրավունքների խորհրդում իր ելույթը այն դիտանկյունից, որ այս տարի ողջ աշխարհում ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։

Նա նշել է, որ «առկա է միջազգային հանրության աճող համաձայնությունն առ այն, որ ցեղասպանությունների կանխարգելումը մշտապես պահանջում է քաղաքակիրթ աշխարհի մշտական ուշադրությունը և առավելագույն ջանքերը՝ առանց ստորադասելու այդ վեհ գաղափարը աշխարհաքաղաքական հաշվարկներին»:

Անդրադառնալով ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ Հայաստանի ներկայացրած բանաձևին` Հայաստանի արտգործնախարարն ասել է. «Միջազգային հանրության բոլոր անդամները պետք է միասնական լինեն` ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու իրենց ջանքերում, և մենք կոչ ենք անում բոլոր անդամ-պետություններին` սատարելու այս բանաձևը, այնպես, ինչպես արվեց երկու տարի առաջ»։

Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին` Նալբանդյանը ասել է. «Ահաբեկիչների կողմից սիրիական Դեր Զոր քաղաքի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու ավիրումը, որը Հայոց ցեղասպանության բազմաթիվ զոհերի մասունքները ամփոփող սրբատեղի էր, ցավալի, բայց, միևնույն ժամանակ, խորհրդանշական կապ է մարդկության դեմ անցյալում և այսօր գործած հանցագործությունների միջև:

Հիրավի, «մարդկության դեմ հանցագործություններ» հասկացությունը, որպես այդպիսին, միջազգային իրավական համակարգ է ներմուծվել 1915թ. մայիսի 24-ին Դաշնակից տերությունների` Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հռչակագրում, որով նրանք նախազգուշացնում էին հայ ժողովրդի դեմ իրականացվող ոճրագործությունների կազմակերպիչներին»։

ՀՀ արտգործնախարարը նշել է, որ «վերջին տարիներին Մարդու իրավունքների խորհուրդը ընդլայնել է իր աշխատանքի թեմատիկ շրջանակները՝ առավել համապարփակ արձագանքելու աշխարհի տարբեր հատվածներում մարդու իրավունքների կոպիտ խախտումներին` ուշադրություն դարձնելով ամենախոցելի խմբերի պաշտպանության հարցերին»:

Նա նշել է, որ «կրոնական և էթնիկ փոքրամասնությունների պաշտպանությունը պահանջում է միջազգային հանրության արագ արձագանքը և գործողությունները, քանի որ ահաբեկչական խմբերը իրագործում են մարդու իրավունքների լայնածավալ խախտումներ»:

«Մեկ շաբաթ էլ չի անցել այն օրից, երբ մենք բոլորս տեսանք սահմռկեցուցիչ տեսանյութը, թե ինչպես են այսպես կոչված «Իսլամական պետության» գրոհայինները Մոսուլի թանգարանում ավիրում 2700-ամյա հուշարձանները: Քաղաքակրթության դեմ ուղղված այս ոճիրը աղաղակող հիշեցումն է անցյալում տեղի ունեցած նմանատիպ բարբարոսությունների` Բամիանի Բուդդայի արձանների, Տիմբուկտուի դամբարանների և Նախիջևանում հայկական միջնադարյան հազարավոր խաչքարերի ոչնչացմանը»,- ասել է Նալբանդյանը:

Հավելելով, որ «բարբարոսները պատերազմ են հայտարարել քաղաքակիրթ աշխարհին», նա ասել է. «Այլոց քաղաքակրթությանը պատկանող արժեքների հանդեպ անհանդուրժողականությունը, մշակութային կամ կրոնական ժառանգության վնասումը, ավիրումը պետք է վճռականորեն դատապարտվի միջազգային հանրության կողմից:

Հայաստանը անվերապահորեն դատապարտել է ԻԼԻՊ-ի, Ալ Նուսրայի, այլ ահաբեկչական խմբերի կողմից իրականացված ոճրագործություններն ու վայրագությունները և կոչ է արել միջազգային հանրությանը վճռական քայլեր ձեռնարկել այս նոր արհավիրքի դեմ, թույլ չտալ, որպեսզի ահաբեկիչները օգտվեն օտարերկրյա զինյալների և ֆինանսական հոսքերից, և այլ երկրների տարածքներն օգտագործեն` հարձակումներ իրականացնելու նպատակով։ Այս համատեքստում Հայաստանը միանգամայն սատարում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի լիակատար իրականացմանը»։

Նալբանդյանը խոսել է նաև Հայաստանի երկրորդ Համընդհանուր պարբերական զեկույցի մասին` նշելով, որ «մարդու իրավունքների պաշտպանությունը մշտական և շարունակական գործընթաց է»:

«Հունվարի 22-ին Հայաստանը ներկայացրեց իր երկրորդ Համընդհանուր պարբերական զեկույցը: Հայաստանի առաջին զեկույցի շրջափուլից ի վեր Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարություն և տարբեր Ազգային գործողությունների ծրագրեր են ընդունվել: Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գրանցվել են Հայաստանի պարտավորությունների կատարման էական դրական զարգացումներ: Միջազգային զեկույցների համաձայն` Հայաստանում գրանցվել են էական դրական ձեռքբերումներ՝ ժողովրդավարական բարեփոխումների, արդյունավետ կառավարման, մարդու իրավունքների պաշտպանության, հավաքների, խոսքի, մամուլի, համացանցի ազատության և այլ ոլորտներում»,- ասել է նա։