ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունները

RA National Assembly SessionԱզգային ժողովը մարտի 4-ին ձայների 92 կողմ, 6 դեմ և 13 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Շրջանառության հարկի մասին» օրենքի` կառավարության առաջարկած փոփոխությունները:

Ըստ այդ փոփոխությունների` այն տնտեսվարողները, որոնք կաշխատեն փաստաթղթաշրջանառությամբ, կվճարեն 1,5 տոկոս շրջանառության հարկ, իսկ փաստաթղթաշրջանառությունից հրաժարվողները՝ 5 տոկոս։

Բացի այդ` շրջանառության հարկ վճարող համարվելու շեմը սահմանվում է 113.4 մլն դրամ` ներկայիս 58.35 մլն դրամի փոխարեն:

***

«Շրջանառության հարկի մասին» օրենքում նախորդ փոփոխությունները, որոնք ի սկզբանե պետք է ուժի մեջ մտնեին անցյալ տարվա հոկտեմբերի 1-ին, առաջացրել էին փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների դժգոհությունը: Ըստ այդ փոփոխությունների` տարեկան մինչև 58.35 մլն դրամ շրջանառություն ունեցող բիզնեսների ներկայացուցիչների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3.5 տոկոսից պետք է նվազեցվեր 1 տոկոս: Նրանք, սակայն, պետք է գործունեություն ծավալեին հստակ փաստաթղթաշրջանառությամբ:

Նախքան այդ փոփոխությունների ուժի մեջ մտնելը փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները բողոքի ցույցեր էին անցկացրել, որոնց արդյունքում գույքագրման պահանջը երկարաձգվել էր մինչև 2015թ. փետրվարի 1-ը:

Այս տարվա հունվարին փոքր և միջին ձեռներեցները վերսկսել էին բողոքի ցույցերը , և պարտադիր փաստաթղթավորման պահանջը կրկին հետաձգվել էր` այս անգամ մինչև հուլիսի 1-ը:

Մեկնաբանել