Նավալնին համոզված է, որ Պուտինն առնչություն ունի Նեմցովի սպանության հետ

Նավալնին վստահ է՝ Նեմցովը Կրեմլի համար ամենախնդրահարույց քաղաքական գործիչներից էր: Նավալնին վստահ է՝ Նեմցովը Կրեմլի համար ամենախնդրահարույց քաղաքական գործիչներից էր:

Ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մեղադրում է Բորիս Նեմցովի սպանությանն ուղղակիորեն առնչություն ունենալու մեջ: Իր բլոգում Նավալնին գրել է, որ նման եզրահանգման է եկել երկար մտորելու արդյունքում:

«Ես կարծում եմ, որ Նեմցովին սպանել են կառավարական (հատուկ ծառայություններ) կամ կառավարամետ կազմակերպության մասնակիցները՝ երկրի քաղաքական ղեկավարության (այդ թվում՝ Վլադիմիր Պուտինի) հրամանով»,- գրել է Նավալնին:

Նրա գնահատմամբ՝ հրամանը կարող էր տրվել ոչ թե ուղղակիորեն, այլ «անհրաժեշտ է աղմկահարույց ակցիա անցկացնել» ձևակերպմամբ:

Ընդդդիմադիրը գրում է, որ վերջին ամիսներին նկատվում է կառավարամետ ծայրահեղական-ահաբեկչական խմբերի ձևավորում, որոնք նպատակ են հռչակում ընդդիմության դեմ «պայքարը այնտեղ, որտեղ ոստիկանությունն անկարող է»: Նավալնիի համոզմամբ՝ այդ խմբերի թվում է նաև «Հակամայդան» շարժումը:

«Ծայրահեղական-ահաբեկչական կազմակերպությունները, որոնց մասին գրում եմ, ստեղծվում են ոչ թե որպես արձագանք «չբարձրաձայնված հայցերին», այլ անմիջապես Կրեմլում հրավիրվող խորհրդակցություններին»,- կարծիք է հայտնել Ալեքսեյ Նավալնին: Նա վստահ է, որ Նեմցովի սպանությունը ձեռնտու է ներկայիս իշխանությանը. «Մնացած ամեն ինչը պատրանք է»:

«Պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել: Ձեռնտու է: Վախը պետք է մեծանա, տնտեսական խնդիրները հատուցվեն ոստիկանական վերահսկողությամբ: Եթե անհրաժեշտ աստիճանի քրեական գործերի մոգոնումը վախ չի ներշնչում, ապա պետք է ցուցադրական բռնություն կիրառել, հակառակ դեպքում՝ քո զիլ լինելուն ոչ ոք չի հավատա»,- նշել է ընդդիմադիրը, որի կարծիքով՝ Նեմցովը Կրեմլի համար ամենախնդրահարույց քաղաքական գործիչներից էր:

«Կարո՞ղ եմ ես սխալվել: Ես համոզված եմ իմ վարկածում, սակայն, անշուշտ, սխալվել կարող են բոլորը: Միակ բանը, որ կարող է հերքել իմ վարկածը, սպանության շուտափույթ բացահայտումն է՝ ոչ միայն կատարողների, այլև պատվիրատուների հայտնաբերմամբ: Ոչ մի պետական գաղտնիք այստեղ չի կարող լինել: Եթե կան նյութեր, որոնք զգայուն են անձնական կյանքի տեսանկյունից, ապա ազգականներին ու փաստաբաններին պետք է մատչում տալ դրանց և հանդես գալ մեզ համար երաշխիքով, որ Բորիս Նեմցովի սպանության հետաքննությունում չկան ո՛չ սև բծեր, ո՛չ բացեր»,- եզրափակել է Նավալնին:

***

Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը, որը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մոլեգին քննադատն էր, սպանվել է փետրվարի 27-ի ուշ երեկոյան Կրեմլի մոտակայքում: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Նեմցովին սպանել են մոտ անցնող մեքենայից:

Փետրվարի 10-ին մի հարցազրույցում Նեմցովն ասել էր, թե վախենում է, որ Պուտինը իրեն կսպանի:

Վերջինիս մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ «այս դաժան սպանությունն ունի պատվիրված լինելու բոլոր նախանշանները, և կրում է բացառապես սադրիչ բնույթ»:

Ինքը` Պուտինը, ավելի ուշ ցավակցական հեռագիր էր հղել Բորիս Նեմցովի մորը` Դինա Էյդմանին` խոստանալով, որ «կարվի ամեն բան, որպեսզի ստոր և անամոթ սպանության կազմակերպիչներն ու իրագործողները կրեն արժանի պատիժ»:

Մարտի 2-ին ռուսական «Կոմերսանտ» թերթն առաջ էր քաշել Նեմցովի սպանության մի քանի վարկածներ: «Ազատություն»ռադիոկայանի վերլուծաբան, Կովկասի հարցերով խմբագիր Լիզ Ֆուլերը ռադիոկայանի անգլալեզու էջում առաջ էր քաշել վարկած, ըստ որի՝ պետք չէ անտեսել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի առնչությունը Նեմցովի սպանությանը:

Մարտի 3-ին Բորիս Նեմցովը հուղարկավորվել է Տրոեկուրովյան գերեզմանատանը:

Մեկնաբանել