Նավալնին համոզված է, որ Պուտինն առնչություն ունի Նեմցովի սպանության հետ

Նավալնին վստահ է՝ Նեմցովը Կրեմլի համար ամենախնդրահարույց քաղաքական գործիչներից էր: Նավալնին վստահ է՝ Նեմցովը Կրեմլի համար ամենախնդրահարույց քաղաքական գործիչներից էր:

Ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մեղադրում է Բորիս Նեմցովի սպանությանն ուղղակիորեն առնչություն ունենալու մեջ: Իր բլոգում Նավալնին գրել է, որ նման եզրահանգման է եկել երկար մտորելու արդյունքում:

«Ես կարծում եմ, որ Նեմցովին սպանել են կառավարական (հատուկ ծառայություններ) կամ կառավարամետ կազմակերպության մասնակիցները՝ երկրի քաղաքական ղեկավարության (այդ թվում՝ Վլադիմիր Պուտինի) հրամանով»,- գրել է Նավալնին:

Նրա գնահատմամբ՝ հրամանը կարող էր տրվել ոչ թե ուղղակիորեն, այլ «անհրաժեշտ է աղմկահարույց ակցիա անցկացնել» ձևակերպմամբ:

Ընդդդիմադիրը գրում է, որ վերջին ամիսներին նկատվում է կառավարամետ ծայրահեղական-ահաբեկչական խմբերի ձևավորում, որոնք նպատակ են հռչակում ընդդիմության դեմ «պայքարը այնտեղ, որտեղ ոստիկանությունն անկարող է»: Նավալնիի համոզմամբ՝ այդ խմբերի թվում է նաև «Հակամայդան» շարժումը:

«Ծայրահեղական-ահաբեկչական կազմակերպությունները, որոնց մասին գրում եմ, ստեղծվում են ոչ թե որպես արձագանք «չբարձրաձայնված հայցերին», այլ անմիջապես Կրեմլում հրավիրվող խորհրդակցություններին»,- կարծիք է հայտնել Ալեքսեյ Նավալնին: Նա վստահ է, որ Նեմցովի սպանությունը ձեռնտու է ներկայիս իշխանությանը. «Մնացած ամեն ինչը պատրանք է»:

«Պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել: Ձեռնտու է: Վախը պետք է մեծանա, տնտեսական խնդիրները հատուցվեն ոստիկանական վերահսկողությամբ: Եթե անհրաժեշտ աստիճանի քրեական գործերի մոգոնումը վախ չի ներշնչում, ապա պետք է ցուցադրական բռնություն կիրառել, հակառակ դեպքում՝ քո զիլ լինելուն ոչ ոք չի հավատա»,- նշել է ընդդիմադիրը, որի կարծիքով՝ Նեմցովը Կրեմլի համար ամենախնդրահարույց քաղաքական գործիչներից էր:

«Կարո՞ղ եմ ես սխալվել: Ես համոզված եմ իմ վարկածում, սակայն, անշուշտ, սխալվել կարող են բոլորը: Միակ բանը, որ կարող է հերքել իմ վարկածը, սպանության շուտափույթ բացահայտումն է՝ ոչ միայն կատարողների, այլև պատվիրատուների հայտնաբերմամբ: Ոչ մի պետական գաղտնիք այստեղ չի կարող լինել: Եթե կան նյութեր, որոնք զգայուն են անձնական կյանքի տեսանկյունից, ապա ազգականներին ու փաստաբաններին պետք է մատչում տալ դրանց և հանդես գալ մեզ համար երաշխիքով, որ Բորիս Նեմցովի սպանության հետաքննությունում չկան ո՛չ սև բծեր, ո՛չ բացեր»,- եզրափակել է Նավալնին:

***

Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը, որը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մոլեգին քննադատն էր, սպանվել է փետրվարի 27-ի ուշ երեկոյան Կրեմլի մոտակայքում: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Նեմցովին սպանել են մոտ անցնող մեքենայից:

Փետրվարի 10-ին մի հարցազրույցում Նեմցովն ասել էր, թե վախենում է, որ Պուտինը իրեն կսպանի:

Վերջինիս մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ «այս դաժան սպանությունն ունի պատվիրված լինելու բոլոր նախանշանները, և կրում է բացառապես սադրիչ բնույթ»:

Ինքը` Պուտինը, ավելի ուշ ցավակցական հեռագիր էր հղել Բորիս Նեմցովի մորը` Դինա Էյդմանին` խոստանալով, որ «կարվի ամեն բան, որպեսզի ստոր և անամոթ սպանության կազմակերպիչներն ու իրագործողները կրեն արժանի պատիժ»:

Մարտի 2-ին ռուսական «Կոմերսանտ» թերթն առաջ էր քաշել Նեմցովի սպանության մի քանի վարկածներ«Ազատություն»ռադիոկայանի վերլուծաբան, Կովկասի հարցերով խմբագիր Լիզ Ֆուլերը ռադիոկայանի անգլալեզու էջում առաջ էր քաշել վարկած, ըստ որի՝ պետք չէ անտեսել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի առնչությունը Նեմցովի սպանությանը:

Մարտի 3-ին Բորիս Նեմցովը հուղարկավորվել է Տրոեկուրովյան գերեզմանատանը: