Հայաստանի քաղաքական ճգնաժամը և ԵԽԽՎ նախագահի նամակը

brasseur2_L

«Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, ակնհայտոեն քաղաքական հետապնդում է և բռնաճնշում»,- ասված է փետրվարի 16-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասյորին ուղղված նամակում, որի հեղինակներն են Ազգային ժողովի երեք պատգամավորներ՝ Վահե Հովհաննիսյանը (ԲՀԿ), Նաիրա Զոհրաբյանը (ԲՀԿ) և Լևոն Զուրաբյանը (ՀԱԿ):

Նամակում, մասնավորապես, ասված է, որ նախագահ Սերժ Սարգսյանը լայնամասշտաբ պատերազմ է հայտարարել Հայաստանի երկրորդ խոշորագույն քաղաքական ուժին՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:

Նամակն ստանալուց երկու օր անց՝ փետրվարի 18-ին, Բրասյորն արձագանքել է՝ հայտարարելով, որ «ժողովրդավարական հասարակություններում քաղաքական դրդապատճառներով ֆիզիկական բռնությունն ու վարչական հետապնդումը տեղ չունեն»:

Փետրվարի 12-ին Հանրապետական կուսակցության քաղխորհրդի նիստին ՀՀ նախագահ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը սուր քննադատության էր ենթարկել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին՝ նրան հասցնելով անձնական վիրավորանքներ։ Փետրվարի 13-ին Ծառուկյանը կոշտ ելույթով պատասխանել էր Սարգսյանին։ ՀՀԿ-ԲՀԿ առճակատումը հանգեցրեց երկրում ներքաղաքական իրադրության սրման:

Անանուն աղբյուրը ՍիվիլՆեթին է փոխանցել ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորին ուղղված նամակն ու նրա պատասխանը:  Ստորև թարգմանաբար ներկայացված է Անն Բրասյորին ուղղված նամակի տեքստը:

«Տիկին նախագահ,

Դուք հնարավոր է՝ արդեն տեղյակ եք վերջին երկու շաբաթներին Հայաստանում անսպասելի զարգացումներից: Փետրվարի 12-ին Հանրապետական կուսակցության քաղխորհրդի նիստին ՀՀ նախագահ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը լայնամասշտաբ պատերազմ հայտարարեց Հայաստանի երկրորդ խոշորագույն քաղաքական ուժին՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:

Սարգսյանը հրապարակայնորեն խոստացավ, որ կանի հնարավոր ամեն բան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին քաղաքական գործունեությանը մասնակցելու իրավունքից զրկելու համար: Նա անմիջապես հրամանագիր ստորագրեց պարոն Ծառուկյանին Ազգային անվտանգության խորհրդից հեռացնելու մասին: Նախագահը նաև կարգադրեց Ազգային ժողովի նախագահին դիտարկել Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցը: Ավելին՝ նա կարգադրեց վարչապետին հարկային ստուգումներ անցկացնել բոլոր այն ձեռնարկություններում, որոնցում Ծառուկյանը բաժնեմաս ունի:

Սա ակնհայտորեն քաղաքական հետապնդում է. պատճառը պարզ է՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հրաժարումը աջակցել նախագահի առաջարկած սահմանադրական փոփոխություններին, որոնց միակ նպատակն է ևս տասը տարով երկարաձգել իշխանության զավթումը:

Տիկին նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամների դեմ քաղաքական բռնաճնշումներն արդեն սկսված են: Անցյալ շաբաթ առևանգվել և դաժանորեն ծեծի էր ենթարկվել ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանը: Նա ազատ է արձակվել մի քանի ժամ անց:

Այս դաժան հանցագործության պատասխանատուները չեն բացահայտվել: Շուտով իշխող կուսակցությունը, որը բացարձակ մեծամասնություն է կազմում խորհրդարանում, խոշորագույն ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց կսկսի՝ նախագահի հրամանին հետևելով:

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, միանշանակորեն քաղաքական հետապնդում է և բռնաճնշում:

Տիկին նախագահ, հուսով ենք և ակնկալում ենք, որ որպես ԵԽԽՎ նախագահ՝ Դուք հրապարակայնորեն կարձագանքեք Հայաստանում աննախադեպ այս իրադարձություններին և զարգացումներին:

Իրավիճակը պայթունավտանգ է, և դատապարտող ու նախազգուշացնող հայտարարությունները կարող են կանխել լուրջ առճակատումն ու քաոսը:

***

ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորի պատասխան նամակում ասված է.

«Հարգելի գործընկերներ,

Շնորհակալ եմ 2015թ. փետրվարի 16-ի ձեր նամակի համար, որում դուք ձեր մտահոգությունն եք հայտնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի և անդամների հետ կապված իրադրության կապակցությամբ: Ժողովրդավարական հասարակություններում քաղաքական դրդապատճառներով ֆիզիկական բռնությունն ու վարչական հետապնդումը տեղ չունեն:

Ձեր նամակը փոխանցել եմ Վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովին, որպեսզի այն հաշվի առնվի «Հայաստանի կողմից պարտավորությունների և հանձնառությունների հարգումը» զեկույցի նախապատրաստման ժամանակ:

Ես կշարունակեմ ուշադիր հետևել ձեր երկրում զարգացումներին՝ հատկապես, ընդդիմադիր առաջնորդների և ակտիվիստների հետ կապված: Այս հարցը կբարձրացնեմ նաև բարձր մակարդակի հանդիպումների ժամանակ, որոնք կունենամ 2015թ. ապրիլին ձեր երկիր նախատեսվող այցիս շրջանակում»:

Screen Shot 2015-03-04 at 12.37.50 PM