Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հակահայկական քարոզչությամբ էր զբաղվում

1-061Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի Հետախուզության վարչության նախկին ղեկավար Իսմայիլ Հաքքը Փեքինը HaberTurk-ին տված հարցազրույցում ուշագրավ  հայտարարություններով է հանդես եկել՝ անելով մի շարք բացահայտումներ:

Փեքինն, անդրադառնալով պետական մարմիններում Գյուլենական համայնքի ներգրավածությանը, ասել է. «Թուրքիայի Գյուլենական համայնքի անդամների մասին հետախուզական տվյալները մենք էինք հավաքում, սակայն MIT-ից (Ազգային հետախուզական կազմակերպություն) էլ էինք տեղեկություններ ստանում: 2007թ. տեղեկատվական հոսքը դադարեց: MIT-ի ղեկավար Էմրե Թաներին հայտնեցի իմ անհանգստությունը: Երբ ասացի՝ տեղեկություն չեմ կարողանում ստանալ, պատասխանեց. «Շատ ես մտահոգվում Ֆեթուլլահ Գյուլենով, տարիքն առած անվնաս մարդ է, եթե ուզում ես՝ կծանոթացնեմ»:

Թուրքական թերթի հետ զրույցում Փեքինն ասել է. «Բացահայտել էի, թե ով է Գլխավոր շտաբից տեղեկություններ տրամադրում թերթերին: Գլխավոր շտաբի պետ Իլքեր Բաշբուղի հրամանով MIT-ից փորձեցի տեղեկություն ստանալ: MIT-ի ղեկավար Էմրե Թաներն ասաց. «Փաշա՛, արդեն այս գործով դուք մի՛ զբաղվեք, տակից չեք կարող դուրս գալ»:

Փեքինն ուշագրավ տեղեկություն է տրամադրել նաև Թուրքիայում մեծ արձագանք ունեցած İnternet Andıcı կոչվող գործի մասին: Համաձայն այդ գործի՝ բանակն ունեցել է մշակված հատուկ ծրագիր՝   լրատվամիջոցների միջոցով ձեռնարկել արշավ ուղղված «Արդարություն և զարգացում» կուսակցության, Ֆեթուլլահ Գյուլենի, քրդական շարժման դեմ: Այն իր թիրախում էր պահում նաև հայերին՝ խեղաթյուրելով հայկական հարցը: Բանակը մշտապես հերքել է նման ծրագրի գոյությունը:

Փեքինն ասել է. «Համացանցով հեռարձակումների վերաբերյալ հրաման տվողը Գլխավոր շտաբն էր. «Կրոնական խմբերի, օրինակ, ֆեթուլլահականների (Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցներ-ՍիվիլՆեթ) դեմ հաղորդումներ էին կազմակերպում: Նրանք նաև հակահայկական բնույթի նյութեր էին պատրաստում»:

Հենց այդ գործով երկու տարի բանտում անցկացրած Փեքինը մեկ այլ հետաքրքիր բացահայտում է արել. «Թեև Գլխավոր շտաբը իրավասություն չուներ, սակայն իր կայանների միջոցով գաղտնալսումներ էր իրականացնում: Մենք 13-14 ռազմաբազա ունենք: Գաղտնալսում էինք բոլոր օտարերկրյա պետություններին: Գաղտնալսում էինք նույնիսկ օդանավակայաններում և սահմանային շրջաններում»: