Պուտինը խոսել է Նեմցովի սպանության մասին

Putin Interior Ministry«Պետք է վերջապես Ռուսաստանն ազատել այնպիսի խայտառակությունից ու ողբերգություններից, ինչպիսին վերջերս ապրեցինք և տեսանք. նկատի ունեմ Բորիս Նեմցովի սպանությունը մայրաքաղաքի սրտում»,- հայտարարել է Ռուսաստանի  նախագահ Վլադիմիր Պուտինը ներքին գործերի նախարարության կոլեգիայում:

Պուտինի խոսքով՝ առաջին հերթին անհրաժեշտ է բարձրացնել հանցագործությունների բացահայտման աստիճանը՝ ինչպես հին, այնպես էլ անցյալ տարիներին կատարված:

«Այստեղ իսկապես անհրաժեշտ է արմատական փոփոխություն, ՆԳՆ մարմինների և ամբողջ իրավապահ համակարգի աշխատանքի նոր որակ: Ամենալուրջ ուշադրությունը պետք է դարձնել աղմկահարույց հանցագործություններին, այդ թվում՝ քաղաքական դրդապատճառներով»,- ընդգծել է Պուտինը:

Ռուսաստանի ղեկավարը նաև նշել է, որ Ռուսաստանում ծայրահեղականների գործողությունները ավելի «արհեստավարժ են դառնում»: Նրա խոսքով՝ ծայրահեղականները փորձում են օգտագործել «այսպես կոչված գունավոր տեխնոլոգիաները՝ փողոցային ապօրինի ակցիաներից մինչև ատելության ու թշնամանքի բացահայտ հրահրում սոցցանցերում»:

«Նպատակն ակնհայտ է՝ հրահրել քաղաքացիական կոնֆլիկտներ, հարվածել մեր պետության սահմանադրական հիմքերին և ի վերջո երկրի ինքնիշխանությանը»,- ասել է Պուտինը՝ շեշտադրելով ծայրահեղականների գործողություններին հրատապ արձագանքելու կարևորությունը:

Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փետրվարի 28-ին մեկնաբանելով Նեմցովի սպանության վարկածները, ասել էր, որ «այս դաժան սպանությունն ունի պատվիրված լինելու բոլոր նախանշանները, և կրում է բացառապես սադրիչ բնույթ»:

***

Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը, որը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մոլեգին քննադատն էր, սպանվել է փետրվարի 27-ի ուշ երեկոյան Կրեմլի մոտակայքում: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Նեմցովին սպանել են մոտ անցնող մեքենայից:

Փետրվարի 10-ին մի հարցազրույցում Նեմցովն ասել էր, թե վախենում է, որ Պուտինը իրեն կսպանի:

Մարտի 2-ին ռուսական «Կոմերսանտ» թերթն առաջ էր քաշել Նեմցովի սպանության մի քանի վարկածներ«Ազատություն» ռադիոկայանի վերլուծաբան, Կովկասի հարցերով խմբագիր Լիզ Ֆուլերը ռադիոկայանի անգլալեզու էջում առաջ էր քաշել վարկած, ըստ որի՝ պետք չէ անտեսել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի առնչությունը Նեմցովի սպանությանը:

Ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին իր բլգում գրել է, որ Բորիս Նեմցովի սպանությանն ուղղակիորեն առնչություն ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: