Պերմյակովին նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն. Interfax

Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն. այս մասին հաղորդում է ռուսաստանյան Interfax գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին:

«Փորձաքննությունն անցկացվում է ստացիոնար՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանում, և պետք է ավարտվի մոտ երկու շաբաթից»,- պատմել է գործակալության աղբյուրն ու հավելել, որ Պերմյակովի մոտ հայտնաբերված հոգեկան խանգարումների մասին խոսակցությունները հիմնված են ասեկոսեների վրա: Ավելի վաղ ռուսական Gazeta.ru կայքը գրել էր, որ Վալերի Պերմյակովը տառապում է սակավամտությամբ՝ օլիգոֆրենիայով: ՀՀ քննչական կոմիտեն հերքել էր այդ տեղեկությունը՝ հայտնելով, որ Վալերի Պերմյակովի սակավատմության վերաբերյալ տվյալներ չկան:

Interfax-ի աղբյուրը նաև նշել է, որ ռուսական կողմը սերտորեն համագործակցում է հայ իրավապահների հետ:

«Ե՛վ Ռուսաստանը, և՛ Հայաստանը ցանկանում են օպերատիվ կերպով հետաքննել գործն ու այն հասցնել մինչև դատարան»,- ընդգծում է գործակալությունը:

***

Հունվարի 12-ի վաղ առավոտյան Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում սպանդի էին ենթարկվել Ավետիսյանների ընտանիքի վեց անդամները, ողջ էր մնացել միայն ընտանիքի վեց ամսական երեխան՝ Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վիճակում հոսպիտալացվել էր կրծքի շրջանում կտրած-ծակած վերքով։ Երկու վիրահատությունից և կյանքի համար յոթ օր մղած պայքարից հետո Սերյոժա Ավետիսյանը հունվարի 19-ին մահացավ Երևանում։

Ոճրագործության համար մեղադրվում է Գյումրիի ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, որը, ըստ պաշտոնական վարկածի, ձերբակալվել է ռուս սահմանապահների կողմից՝ հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս։ Նա պահվում է ռուսական ռազմաբազայի կալանավայրում։

Հայաստանի քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

Ավետիսյանների սպանության գործով տուժողի իրավահաջորդ է ճանաչվել հինգ անձ:

Մեկնաբանել