Թուրքիայի հյուպատոսին Կալիֆոռնիայում մեջքով են լսել

Քվեարկությունը հետևել է խորհրդում երկարատև քննարկումներին: Կարսոն քաղաքում Թուրքիայի հյուպատոսին մեջքով են լսել:

Կալիֆոռնիայի Կարսոն քաղաքի նահանգային խորհուրդը մարտի 4-ին միաձայն քվեարկել է քաղաքում Քեմալ Աթաթուրքի արձանի կանգնեցման նախագծի դեմ: Քվեարկությունը հետևել է քաղաքային խորհրդում երկարատև քննարկումներին, գրում է Asbarez պարբերականը:

Ավելի քան 400 հոգի, որոնց գլխավորում էր ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեն, Հայ դատի հանձնախմբի Արևմտյան շրջանը, Հայ երիտասարդաց դաշնակցությունը և Ամերիկայի հունական խորհուրդը, հավաքվել էին Կարսոնի քաղաքապետարանի մոտ՝ իրենց բողոքը հղելու արձանի կանգնեցման դեմ:

Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Ռաիֆե Գուլրու Գեզերը վեց անձանցից մեկն էր, ով հանդես է եկել արձանի կանգնեցման օգտին: Երբ հյուպատոսը սկսել է խոսել քաղաքային խորհրդի առջև, ներկաները մեջքով են շրջվել նրան:

Կարսոնի քաղաքապետ Ջիմ Դիերը, որը նախաձեռնել էր արձանի կանգնեցումը, ի վերջո դեմ է քվեարկել:

Բողոքի նմանատիպ ակցիա տեղի էր ունեցել նաև Կանադայում՝ փետրվարի 27-ին: Տորոնտոյի համալսարանում Հայոց ցեղասպանության ժխտողականության դիրքերից հանդես եկող Ջասթին ՄակՔարթիի և Բրյուս Ֆեյնի դասախոսության ժամանակ լսարանը մեջքով էր շրջվել նրանց: