Հաստատվել է ՓՄՁ սուբյեկտների աջակցության 2015թ. ծրագիրը

MHM93507Կառավարությունը մարտի 5-ի նիստում հաստատել է «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2015թ. ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը:

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, նախատեսված ծրագրային ուղղությունների (միջոցառումների) գերակշիռ մասը՝ շուրջ 90 տոկոսը, նպատակաուղղված է մարզերում, առավելապես սահմանամերձ և հեռավոր բնակավայրերում սկսնակ և գործող փոքր և միջին ձեռնարկատերերի աջակցության ցուցաբերմանը, մարզերի ու տարածաշրջանների տնտեսական ու գործարար ակտիվության բարձրացմանը:

«Ակնկալվում է, որ ծրագրի իրականացմամբ կավելանա ՓՄՁ սուբյեկտների տեսակարար կշիռը երկրի համախառն ներքին արդյունքում, կզարգանա տնտեսական ցածր ակտիվություն ունեցող տարածաշրջանների ձեռնարկատիրական գործունեությունը, կկրճատվի գործազրկությունը»,- ասված է կառավարության մամուլի հաղորդագրությունում:

Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, որպես զեկուցող, տեղեկացրել է, որ ընդհանուր տոկոսադրույքը 12 տոկոս է, սակայն եթե արտադրանքը արտահանման, պաշտպանության կամ ազգային անվտանգության կարիքների համար է, ապա նվազում է 3 տոկոսային կետով: Սուբսիդավորումը կատարվում է Արդյունաբերության զարգացման հիմնադրամի կողմից:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը տոկոսադրույքի չափն ընդունելի է համարել: