«Բարգավաճ Հայաստան» կուսակցության` մարտի 5-ին կայացած 8-րդ արտահերթ համագումարում կուսակցության նոր նախագահ է ընտրվել ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Այս մասին համագումարից հետո լրագրողներին հայտարարեց ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Հովհաննիսյանը:
Նաիրա Զոհրաբյանն իր հերթին լրագրողներին հայտարարեց, որ ԲՀԿ-ն համագումարի ժամանակ հայտարարվել է ընդդիմություն: «Ես, օգտվելով Ազգային ժողովի կանոնակարգից, առաջիկա քառօրյայում դրա մասին կհայտարարեմ ԱԺ-ում»- ասաց նա:
Զոհրաբյանը նշեց, որ ԲՀԿ-ն հապճեպ քայլեր չի անելու: «Մեզնից հապճեպ բաներ չսպասեք: Հարցեր կան, որոնց պատասխանները մենք հիմա չունենք: Մեզ ժամանակ է պետք նոր մարտավարությունը մշակելու համար»,- ասաց ԲՀԿ նորընտիր նախագահը:
Նա հավելեց, որ ինքը` որպես ԲՀԿ խմբակցության քարտուղար, կուսակցության նախկին նախագահ և խորհրդարանական խմբակցության նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի` ԱԺ-ից բացակայությունների վերաբերյալ դիմումներ է ներկայացրել ԱԺ նախագահին, և դրանք բոլորը համարվել են հարգելի:
***
Նաիրա Զոհրաբյանը ծնվել է 1965թ. մայիսի 8-ին Երևանում:
1987-ին ավարտել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերագիտության բաժինը:
1992-ից Զոհրաբյանը զբաղվել է լրագրությամբ: Աշխատել է «Ար», «Առավոտ», «Հայոց աշխարհ», «Հայք» թերթերում: 1999-2006 թթ. եղել է «Հայկական ժամանակ» օրաթերթի քաղաքական մեկնաբանը: 2007-ին եղել է «Կենտրոն» հեռուստաընկերության «Վերելք» քաղաքական հաղորդաշարի հեղինակ-վարողը:
Նաիրա Զոհրաբյանը համամամասնական ընտրակարգով ընտրվել է Ազգային ժողովի 4-րդ գումարման (2007-2012 թթ.) և 5-րդ գումարան պատգամավոր (2012-2017):
Նրա ամենավերջին նախաձեռնությունը Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետությունում առաջացած կառավարման ճգնաժամի մասին» հայտարարության նախագիծն էր, որը ներկայացրել էր Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հետ միասին: Նախագիծը չընդունվեց:
Նաիրա Զոհրաբյանն ունի մեկ դուստր և մեկ թոռնիկ: