Սամվել Բալասանյանը լքում է ԲՀԿ-ն

TH_Samvel-Balasanyan-1Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը մարտի 5-ին հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ այլևս նպատակահարմար չի գտնում իր հետագա անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:

«Հաշվի առնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից դուրս գալու մասին որոշումը, այլևս ոչ մի պարտավորվածություն չեմ տեսնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նկատմամբ: Միաժամանակ լինելով ապաքաղաքականացված կառույցի ղեկավար՝ նպատակահարմար չեմ գտնում իմ հետագա անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:

Ուզում եմ մատնանշել հետագա համագործակցության պատրաստակամությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և բոլոր քաղաքական ուժերի հետ քաղաքում կուտակված բազմաթիվ խնդիրների լուծման և Գյումրիին նոր կարգավիճակ տալու համար՝ ի շահ Գյումրիի և գյումրեցիների»,- ասված է Սամվել Բալասանյանի հայտարարությունում:

***

Այսօր Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ-ի նախագահի պաշտոնից և կուսակցությունից հեռանալու դիմում է ներկայացրել: ԲՀԿ արտահերթ համագումարում կուսակցության նախագահ է ընտրվել ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Կուսակցությունից հեռանալու մասին այսօր հայտարարել է նաև ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: