Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 5-ին Երուսաղեմում հանդիպել է Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ:
Ինչպես հաղորդում են արտգործնախարարության մամուլի ծառայությունից, Իսրայելի նախագահը, կարևորելով Հայաստանի արտգործնախարարի այցելությունը, վստահություն է հայտնել, որ այն կնպաստի երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը։
Նալբանդյանն ընդգծել է, որ հայ և հրեա ժողովուրդները շաղկապված են հազարամյակների բարեկամության ավանդույթներով, ինչը լավ հիմք է ստեղծում միջպետական հարաբերությունների հետագա ամրապնդման համար։
Ռիվլինը և Նալբանդյանը կարևորել են քաղաքական երկխոսության աշխուժացումը, ինչը նրանց համոզմամբ հնարավորություն կընձեռի ընդլայնել համագործակցությունը նաև այլ բանագավառներում։
Նրանք համաձայնել են, որ հայ և հրեա ժողովուրդները համատեղ պատասխանատվություն ունեն մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ։
Իսրայելը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Հունվարի 28-ին Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ելույթ ունենալով Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ [նշվում է հունվարի 27-ին – ՍիվիլՆեթ], խոսել էր նաև Հայոց ցեղասպանության մասին՝ ակնարկելով, որ ողբերգություն վերապրած ազգերը պետք է կարողանան կիսել նաև մյուսների ցավն ու տառապանքը: Հայոց ցեղասպանության համատեքստում, սակայն, նա խոսել էր նաև Խոջալուի դեպքերի մասին:
Իսրայելցի հայտնի ցեղասպանագետ, Իսրայելի բաց համալսարանի պրոֆեսոր Յաիր Աուրոնի կարծիքով՝ դատապարտելի է, որ մինչ այժմ Իսրայելը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, դատապարտելի է նաև, որ Իսրայելի նախագահը Հայոց ցեղասպանության համատեքստում խոսել է Խոջալուի մասին: ՍիվիլՆեթի cԿԱՃԱՌ հաղորդմանը կարդացած դասախոսությունում պրոֆեսոր Աուրոնը պատմել է, թե ինչպես է ինքը Իսրայելի նախագահին խորհուրդ տվել ՄԱԿ-ի ելույթում օգտագործել «ցեղասպանություն» եզրը, ինչին ի պատասխան Ռիվլինն ասել է, որ չի կարող արտահայտել իր մասնավոր կարծիքը: