Պուտինը կրճատել է սեփական աշխատավարձը

Putin SalaryՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ 10 տոկոսով կրճատվում են պետության ղեկավարի, վարչապետի, քննչական կոմիտեի ղեկավարի, գլխավոր դատախազի, ինչպես նաև նախագահի և կառավարության աշխատակազմերի աշխատավարձերը: Համապատասխան փաստաթուղթը մարտի 6-ին հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում:

«Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը 10 տոկոսով կրճատելու որոշումը, որն ուժի մեջ կմնա մինչև տարեվերջ, կարող է երկարաձգվել, – «ՌԻԱ նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Այդ որոշումը ժամանակավոր բնույթ է կրում և պայմանավորված է տնտեսական ընթացիկ իրադրությամբ: Եթե իրադրությունը էականորեն չփոխվի, այդ ժամկետը կերկարաձգվի, եթե այն բարելավվի՝ ժամկետը երկարաձգելու հիմքեր այլևս չեն լինի»,- ասել է նա:

Փետրվարի 27-ին Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նիստին Պուտինը հայտարարել էր, որ խորհրդի աշխատակիցների, պատգամավորների, սենատորների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների, նախարարների և դաշնային այլ պաշտոնյաների աշխատավարձերը կրճատվում են 10 տոկոսով:

«Կոմերստանտ» թերթի հաղորդմամբ՝ նիստի ավարտին Պուտինի խոսնակն ասել էր, որ շուտով նախագահը կարող է ընդունել նաև սեփական աշխատավարձը կրճատելու վերաբերյալ որոշում: