Վրաստանը կրճատում է վարչական ծախսերը՝ հանուն լարիի

Dzveli-Sakhli-tonis-puriՎրաստանի կառավարությունը կրճատում է վարչական ծախսերը: Իր ենթակայության ներքո գտնվող պետական կառույցներին գործադիրը հանձնարարել է մինչև մարտի 16-ը ներկայացնել ծախսերի կրճատման ծրագիր: Ավելին՝ կառավարությունը մտադիր է Վրաստանում ընթացիկ տարվա տնտեսական աճի կանխատեսումը 5 տոկոսից իջեցնել 2 տոկոսի:

Այս մասին կառավարության մարտի 5-ի նիստին հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին, հաղորդում է Civil.ge կայքը: Խադուրին ասել է, որ նախարարություններին և մյուս գերատեսչություններին հանձնարարվել է շենքերի վերանորոգման ծախսերը հասցնել նվազագույնի, չգնել «փափուկ կահույք», սահմանափակել տրանսպորտային միջոցների շահագործումը, 30 տոկոսով կրճատել վառելիքի ծախսերը, նվազագույնի հասցնել գործուղումների թիվը և այլն:

Խադուրին տեղական ինքնակառավարման մարմիններին, որոնք գործադիրի ենթակայության ներքո չեն, խորհուրդ է տվել նույն կերպ վարվել:Ծախսերի կրճատումը ենթակառուցվաքային և սոցիալական ծրագրերի վրա չի տարածվի:

Էկոնոմիկայի նախարար Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ կառավարությունը մտադիր չէ բարձրացնել հարկերը կամ բյուջի պակասուրդի աճը սահմանափակել վարչական ծախսերի կրճատմամբ:

Վարչական ծախսերի կրճատման ուղղությամբ աշխատում է նաև Վրաստանի խորհրդարանը:

***

Վարչական ծախսերի կրճատումը Վրաստանի կառավարության՝ լարիի շուրջ ստեղծված իրավիճակի կայունացման ծրագրի մասն է, որի մասին վարչապետ Իրակլի Ղարիբաշավիլին հայատարարել էր փետրվարի 24-ին: Նա նշել էր, որ իրավիճակը վերահսկելի է, և տագնապի հիքմեր չկան:

Վրացական լարին սկսել է արժեզրկվել 2014թ․ նոյեմբերից: Նոյեմբերից մինչ այժմ լարին դոլարի նկատմամբ արժեզրկվել է 29 տոկոսով, եվրոյի նկատմամբ՝ 16 տոկոսով:

Մարտի 6-ին լարիի փոխարժեքը կազմել է 2,14 լարի/1 դոլար, 2,36 լարի/1 եվրո:

2014թ․ նոյեմբերին լարիի փոխարժեքը տատանվում էր 1,75-1-85 լարի/1 դոլար միջակայքում:

Վրաստանի ֆինանսների նախախարը փետրվարի վերջին հայտարարել էր, որ «լարիի արժեզրկումը  պայմանավորված է սպեկուլյացիաներով, որոշակի տագնապով և սպասումներով»: