Չեխիան Լեհաստանին կհանձնի իր տարածքի մի մասը

9096216_origՉեխիայի Հանրապետությունը մտադիր է Լեհաստանին վերադարձնել վիճելի տարածքներ՝ 1950-ականներից ի վեր շարունակվող սահմանային վեճին վերջ դնելու համար, գրել է բրիտանական Telegraph պարբերականը:

Ցանկանալով լավ հարաբերություններ պահպանել իր հյուսիսային հարևանի հետ՝ Պրահան առաջարկ է ներկայացրել Վարշավային՝ վերաձևելու համար Սառը պատերազմի ժամանակ խորհրդային ճնշման տակ փոխված սահմանագիծը: Պլանն այժմ սպասում է Լեհաստանի հավանությանը:

Լեհաստանին կվերադարձվեն հողեր, սակայն այս պահին մանրամասները գաղտնի են պահվում. չեմ կարող ավելին ասել, – հայտարարել է Չեխիայի վարչապետ Բոհուսլավ Սոբոտկան:

Ինչպես գրել է Telegraph-ը, հողակտորների գտնվելու վայրն այս պահին գաղտնի է պահվում՝ հողային չարաշահորդություններից զերծ մնալու համար, սակայն չեխական մամուլը գրում է, որ խոսքը մոտ 3,68 ք/կմ տարածքի մասին է Լեհաստանի հետ սահմանին՝ հյուսիսային Մորավիայում և հյուսիսային Բոհեմիայում:

Ե՛վ Չեխիան, և՛ Լեհաստանն իրենց համարում են միջպատերզմյան աշխարհաքաղաքական խաղերի զոհ: 1938թ. Մյունխենի համաձայնագրով Չեխոսլովակիան ստիպված էր, ի թիվս այլ բաների, մի շարք տարածքներ զիջել Լեհաստանին, ավելի ուշ բուն Լեհաստանը բաժանվել է ԽՍՀՄ և Գերմանիայի միջև: Երկրորդ աշխարհամարտից հետո նախկին տարածքներից որոշները վերադարձվել են Պրահայի վերահսկողության տակ:

Ներկայում երկու երկրները Եվրամիության անդամներ են: