Մարտի 5-ին Հռոմի հեղինակավոր «Վիտորիանո» իտալական վերածննդի թանգարանային համալիրի կենտրոնական ցուցասրահում կայացել է «Հայաստան. Տապանի ժողովուրդ» խորագիրը կրող ցուցահանդես:
ՀՀ արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ ցուցահանդեսին ներկա են եղել Հռոմի քաղաքապետ Ինյացիո Մարինոն, Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանը և Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանը:
Ցուցահանդեսը կազմակերպել են ՀՀ մշակույթի նախարարությունն ու Իտալիայում և Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունները՝ Մխիթարյան Միաբանության և Իտալիայի Հայերի միության հետ համագործակցությամբ:
Միջոցառմանը ներկա հարյուրավոր այցելուների թվում են եղել Իտալիայի քաղաքական-հասարակական գործիչներ, սենատորներ ու պատգամավորներ, դիվանագիտական կորպուսի և հայ համայնքի ներկայացուցիչներ: Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, «Վիտտորիանո» համալիրի տնօրեն Ալեսանդրո Նիկոզիան, Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը:
Ցուցահանդեսը գործելու է մինչև մայիսի 3-ը: Յոթ առանձին բաժինների ցուցանմուշներն ու տեսանյութերը ներկայացնում են Հայոց ցեղասպանութան վերաբերյալ փաստագրական նյութեր, ինչպես նաև Հայաստանում քրիստոնեության ընդունումը, հայ գրերի ստեղծումը, հայ մատենագրությունը, հայկական ճարտարապետությունն ու արվեստը, հայ և իտալացի ժողովուրդների դարավոր հարաբերություններն ու Իտալիայում հայկական մշակույթի հարուստ ներկայութունը:
Ցուցահանդեսի բացմանը նախորդել է Իտալիայում Հայաստանի դեսպանի, Իտալիայի նախագահի մշակութային արժեքների պահպանման հարցերով խորհրդական պրոֆեսոր Լուի Գոդարի, Իտալիայում հայազգի հայտնի դերասան Պաոլո Քեսիսօղլուի մամլո ասուլիսը, որին ներկա էին 50-ից ավելի իտալական զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Դեսպան Ղազարյանն ասել է, որ ցուցահանդեսի նպատակն է իտալական հասարակությանը ներկայացնել հայ ժողովրդի հազարամյակների պատմության դրվագները, այդ թվում՝ Հայոց ցեղասպանությունը, որը նրա բնորոշմամբ՝ «մահափորձ էր հայ ժողովրդի ու հայկական քաղաքակրթության դեմ»: Նա ընդգծել է, որ Հայոց ցեղասպանությունից հետո հայ ժողովուրդը կարողացել է վերածնունդ ապրել, որի մարմնավորումն անկախ Հայաստանի Հանրապետության կերտումն էր: Դեսպան Ղազարյանն անդրադարձել է նաև Իտալիայում հայկական համայնքների պատմությանը և Իտալիայի զարգացման գործում նրանց ներդրմանը: Նա հիշատակել է իտալացի մի շարք ականավոր քաղաքական-հասարակական գործիչների, այդ թվում Իտալիայի վարչապետ Լուիջի Լուցատիին, ֆինանսների նախարար Ֆիլիպպո Մեդային, Անտոնիո Գրամշիին, Տրապիզոնում Իտալիայի հյուպատոս Ջիակոմո Գոռինիին, որոնք 1915-16 թթ. դատապարտել են Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի հանդեպ կատարվող ոճրագործությունը:
Պրոֆեսոր Լուի Գոդարը կարևորել է ցուցահանդեսի կազմակերպումը՝ հայկական քաղքակրթությունը համարելով եվրոպական քաղաքակրթության բաղկացուցիչ մաս: Նա Հայոց ցեղասպանությունը բնութագրել է որպես «մարդկության պատմության ամենամութ էջերից մեկը» և նշել, որ հայ ժողովուրդն իր հանդեպ գործած բռնություններին պատասխանել է հզոր մշակույթով: Գոդարը մեջբերել է հայ երկու կանանց կողմից ցեղասպանության օրերին «Մշո Ճառընտիր» ավետարանի փրկության պատմությունը: Պաոլո Քեսիսօղլուն հատվածներ է ընթերցել հայ ժողովրդի մասին Վիլյամ Սարոյանի խոսքերից: