Արցախի վարչապետը վերընտրվել է «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ

Ara-harutyunyanՄարտի 7-ին Ստեփանակերտում կայացել է «Ազատ հայրենիք» կուսակցության (ԱՀԿ) 5-րդ համագումարը:

Կուսակցության տարածած հաղորդագրություն համաձայն՝ համագումարին ներկա են եղել պատվիրակներ Արցախի շրջաններից ու Ստեփանակերտից, նախագահել է ԱՀԿ կենտրոնական գրասենյակի տնօրեն, Ազգային ժողովի փոխնախագահ Արթուր Թովմասյանը։

Օրակարգի համաձայն՝ «Ազատ հայրենիք» կուսակցության և կառավարության 2007-2014 թթ. գործունեության, առաջիկա անելիքների ու ռազմավարության մասին ելույթով հանդես է եկել կուսակցության նախագահ, ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, ով ներկայացրել է ԱՀԿ-ի դիրքորոշումն ընթացիկ տարվա մայիսի 3-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։

«Համաձայն անցած ութ տարիներին իրականացված աշխատանքների վերաբերյալ կուսակցության ղեկավարի ու երկրի վարչապետի ներկայացրած հաշվետվության՝ նշված ժամանակահատվածում կայուն տեմպերով առաջընթաց է արձանագրվել Արցախի տնտեսության բոլոր բնագավառներում, ինչի արդյունքում նշանակալիորեն աճել են հանրապետության բնակչության թիվը և բարեկեցության մակարդակը։ Նա շեշտադրել է, որ «Ազատ հայրենիքը», որպես քաղաքական պատասխանատվություն ստանձնած կուսակցություն, իր ներդրումն ունի գրանցված հաջողությունների գործում:

Անդրադառնալով մայիսի 3-ին Արցախում կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ Հարությունյանը նշել է, որ «Ազատ հայրենիք» կուսակցությունը, լինելով հանրապետության առաջատար քաղաքական ուժը, ամենայն պատասխանատվությամբ քայլում է դեպի խորհրդարանական հերթական ընտրություններ»,- նշված է հաղորդագրությունում:

Համագումարին իր ելույթում Արայիկ Հարությունյանն ասել է, որ ակնկալում է քաղաքակիրթ, մրցակցային և արժանապատիվ պայքար ընտրական գործընթացներում՝ կոչ անելով բոլորին լծվել «հայրենիքը խնդիրներից ազատելու սուրբ գործին, որի ճանապարհին ցանկացած կուսակցություն և ընտրություն միայն միջոցներ են»:

Համագումարը կուսակցության նախագահ է վերընտրվել Արայիկ Հարությունյանը:

Մարտի 7-ին Ստեփանակերտում կայացել է նաև ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության համագումարը, որը ևս հայտարարել է խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին:

Մեկնաբանել