Փարիզում Հայոց ցեղասպանության կին զոհերի հուշակոթող է բացվել

g_imageՓարիզի Երևանյան պուրակը համալրվել է հարյուր վարդենիներով` ի հիշատակ Հայոց ցեղասպանությանը զոհ դարձած հայ կանանց:

Մարտի 8-ին Կոմիտասի արձանի հարևանությամբ տեղի է ունեցել հուշակոթողի բացման արարողությունը`Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոնի և Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանի գլխավորությամբ: Ինչպես հաղորդում են արտգործանախարարության մամուլի ծառայությունից, հուշակոթողը բացվել է ֆրանսահայ «Կապույտ խաչ» միության նախաձեռնությամբ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում և Կանանց միջազգային օրվա առթիվ:

Միջոցառմանը ներկա են եղել Փարիզի քաղաքային խորհրդի բազմաթիվ անդամներ, հասարակական-քաղաքական ու պետական գործիչներ, մշակութային ու լրատվական շրջանակների ներկայացուցիչներ, հարյուրավոր ֆրանսահայեր ու փարիզեցիներ։

Ելույթներին հաջորդել է հուշաքարի հանդիսավոր բացումը, որի վրա գրված է. «Ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհ դարձած հայուհիների, նրանց, ովքեր անհետ կորան, ինչպես և նրանց, ովքեր փրկվեցին և փոխանցեցին հիշողությունը»:

Մեկնաբանել