Նեմցովի սպանության գործով կալանավորվել է հինգ անձ

Zaur DadaevՄարտի 8-ին Մոսկվայի Բասմանի շրջանի դատարանը մինչև ապրիլի 28-ը կալանքի տակ է վերցրել ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության մեջ մեղադրվող՝ Չեչնիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության «Հյուսիս» վաշտի հրամանատարի նախկին տեղակալ Զաուր Դադաևին և Մոսկվայի անվտանգության մասնավոր ծառայության աշխատակից Անզոր Գուբաշևին, որոնց ավելի վաղ սպանության մեղադրանք է առաջադրվել: Մինչև ապրիլի 28-ը կալանքի տակ կմնան սպանության մեջ կասկածվող ևս երեք անձ՝ Թամերլան Էսքերհանովը, Շահիդ Գուբաշևն ու Համզադ Բախաևը: Գործով մեղադրյալ Զաուր Դադաևը տվել է ինքնախոստովանական ցուցմունք:

Ինչպես հաղորդում է ռուսական «Դոժդ» հեռուստաալիքը, Չեչնիայի Հանրապետության առաջնորդ Ռամզան Կադիրովը Ինստագրամի իր էջում գրել է, որ Չեչնիայի ՆԳՆ նախկին ծառայող Զաուր Դադաևը, որը մեղադրվում է Նեմցովի սպանության մեջ, «չէր կարող անգամ քայլ անել Ռուսաստանի դեմ»: Նա գրել է, որ Դադաևին ճանաչում է «որպես իսկական հայրենասերի»:

«Չեչնիայի Անվտանգության խորհրդի քարտուղար Վահիթ Ուսմաևին կարգադրել եմ մանրակրկիտ ուսումնասիրել Զաուրի աշխատանքից հեռացման հանգամանքները, նրա վարքագիծը և ծառայությունից հեռանալուց առաջ տրամադրությունը,- գրել է Կադիրովը: – Ամեն դեպքում, եթե դատարանը հաստատի Դադաևի մեղքը, ապա, մարդ սպանելով, նա ծանր հանցանք է գործել: Սակայն ուզում եմ կրկին նշել՝ նա չէր կարող անգամ քայլ անել Ռուսաստանի դեմ, հանուն որի երկար տարիներ վտանգել է սեփական կյանքը»:

***

Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը, որը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մոլեգին քննադատն էր, սպանվել է փետրվարի 27-ի ուշ երեկոյան Կրեմլի մոտակայքում: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Նեմցովին սպանել են մոտ անցնող մեքենայից:

«Ազատություն»ռադիոկայանի վերլուծաբան, Կովկասի հարցերով խմբագիր Լիզ Ֆուլերը ռադիոկայանի անգլալեզու էջում առաջ էր քաշել վարկած, ըստ որի՝ պետք չէ անտեսել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի առնչությունը Նեմցովի սպանությանը:

Մեկնաբանել