Բրիտանիան դեմ է ԵՄ բանակ ունենալուն, Գերմանիան՝ կողմ

european union armyԵվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն առաջարկել է համաեվրոպական բանակ ստեղծել՝ հակակշռելու Ռուսաստանից եկող սպառնալիքը, գրում է բրիտանական Guardian-ը:

Յունկերը վստահ է, որ Եվրոպայում այդ վտանգը թերագնահատում են: Նա կարծում է, որ նման բանակի ստեղծմամբ Եվրամիությունը ցույց կտա Ռուսաստանին, որ Եվրոպան պատրաստ է պաշտպանել իր արժեքները:

Եվրահանձնաժողովի նախագահը ԵՄ անդամ-երկրների ընդհանուր բանակի ձևավորման վաղեմի կողմնակից է: Նրա կարծիքով՝ դա կլինի ոչ միայն կարևոր քաղաքական ազդանշան, այլև ևս մեկ քայլ եվրոպական պետությունների ինտեգրման ուղղությամբ, բացի այդ, կօգնի նշանակալիորեն կրճատել երկրների պաշտպանական ծախսերը:

«Այս կարգի բանակը մեզ կօգներ մշակել միասնական ռազմավարություն արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտներում,- ասել է Յունկերը: – Եվրոպայի հեղինակությունը լրջորեն տուժել է, և մեր արտաքին քաղաքականությունը լուրջ չի ընկալվում»:

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ չի համաձայնի նման բանակի ձևավորմանը: Բրիտանական կառավարության պաշտոնական ներկայացուցիչը, հակադարձելով Յունկերին, ասել է. «Մեր դիրքորոշումը չափազանց հստակ է՝ պաշտպանությունը առանձին պետությունների պատասխանատվությունն է, ոչ թե Եվրամիության: Այդ դիրքորոշման փոփոխության համար նախադրյալներ, ինչպես նաև եվրոպական բանակի ստեղծման հեռանկարներ չկան»:

Գերմանիայում, սակայն, դրական են արձագանքել Յունկերի գաղափարին: «Մեր՝ որպես եվրոպացիների ապագան եվրոպական միասնական բանակն է»,- ասել է Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին: Գերմանիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը համոզված է, որ բանակը կուժեղացնի Եվրոպայի անվտանգությունը և «եվրոպական սյունը անդրատլանտյան դաշինքում»: