Թուրքիայի հայերը՝ մեջլիսի ընտրություններում

Screen Shot 2015-03-09 at 14.46.042015թ. ամռանը Թուրքիայում սպասվում են խորհրդարանական ընտրություններ և մեջլիսում տեղ ունենալու համար քաղաքական կուսակցություններն ակտիվ պայքար են մղում: Կուսակցությունները համագործակցում են նաև Թուրքիայում ապրող հայերի հետ: Ստամբուլում լույս տեսող «Ակօս» թերթն անդրադարձել է մեջլիսում հայտնվելու հավանականություն ունեցող հայ թեկնածուներին:

Ամենաշատ թվով հայերը դիմել են հիմնականում քրդերով համալրված Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը (ԺԴԿ):

«Ակօսը» գրում է, որ կուսակցությունը մտադիր է ունենալ պատգամավորության առնվազն մեկ հայ թեկնածու: Թուրքիայի խորհրդարանում հայտնվելու հնարավորություն ունի կուսակցության կենտրոնական գործադիր խորհրդի անդամ Կարո Պայլանը: Կարոն նաև Ստամբուլի Յեշիլքոյ թաղամասում գտնվող հայկական նախակրթարանի հիմնադիր ներկայացուցիչն է:

Սասունի Աջար գյուղի հայերի միության նախագահ և Մուշի հայության միության ղեկավարներից Ֆիքրի Չալըշը, ինչպես նաև Նվարդ Բաքըրջըօղլուն նույնպես թեկնածու լինելու հավակնություններ ունեն:

Թեկնածու լինելու համար ԺԴԿ-ին դիմել է նաև 23 տարի Եվրոպայում ապրելուց հետո Մարդինի նահանգի Դերիկ գավառ վերադարձած ու այնտեղ ապրող երեք հայերից մեկը՝ Զաքարիա Սաբունջուն:

Տևական ժամանակ խոսվում է այն մասին, որ Թուրքիան կառավարող, վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) իր կազմում ընդգրկելու է հայ թեկնածու: ԱԶԿ-ից թեկնածու լինելու համար դիմել է հայկական արմատներ ունեցող երկու մարդ: «Ակօսը» գրում է, որ ԱԶԿ-ի կուլիսներում Մարգար Եսայանի անունն էր երկար ժամանակ պտտվում որպես ԱԶԿ-ի հայ թեկնածու: Մարգար Եսայանը գրող է, լրագրող, աշխատում է կառավարամետ «Յենի Շաֆաք» թերթում և հաճախ հանդես գալիս իշխանամետ ելույթներով և հոդվածներով:

ԱԶԿ-ին իր թեկնածությունն առաջադրելու համար դիմել է նաև Սուրբ փրկիչ հայկական հիվանդանոցի փոխնախագահ Հերման Բալյանը:

Քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցությունից պատգամավորության թեկնածու առաջադրվելու համար դիմել է Սուրբ Հակոբ հիվանդանոցի հանրային կապերի պատասխանատու Թալին Էրգյունեշը:

Ստամբուլում գործող «Նոր զարթոնք» հայկական կազմակերպությունը պահանջել է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից ներկայացնել մեկ հայ տղամարդ և մեկ հայ կին թեկնածու: Պոլսի քաղաքականապես ակտիվ երիտասարդությունը հակված է պաշտպանելու հենց քրդամետ կուսակցությանը:  Գավառներում ապրող հայության վերջին բեկորներն ու մահմեդական դարձած, սակայն հայկական ինքնությունը պահպանող ընտանիքների մի մասն էլ հարում է այս կուսակցությանը: Քրդամետ կուսակցությանը հարող հայերն ավելի հանգիստ են արտահայտում իրենց հայկական ինքնությունն ու կարողանում են խոսել Հայոց ցեղասպանության մասին: Իշխող ԱԶԿ-ի և քեմալականների կուսակցության դեպքում՝ թեկնածուների մասին խոսում են ոչ թե որպես հայի, այլ՝ հայկական արմատներ ունեցող թուրքերի, Թուրքիայի քաղաքացիների, այսինքն՝ չի շեշտվում նրանց հայկական ինքնությունը: «Ակօսը» գրում է, որ ասորիներն ու եզդիներն էլ են թակում կուսակցությունների դռները: Նրանք ևս դիմում են քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը:

2014թ. կայացած տեղական ինքնակառավարման ընտրություններին վերոնշյալ կուսակցությունները կրկին առաջադրել էին հայ թեկնածուներ:

2014թ. վերջում էլ վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր խորհրդական էր նշանակել հայազգի Էթյեն Մահչուփյանին: