Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Հայաստանի հետ երկու երկրների քաղաքացիների գրանցման կարգի պարզեցման մասին համաձայնագրի վավերացման մասին օրենքը: Մարտի 9-ին փաստաթուղթը հրապարակվել է ՌԴ իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, հաղորդում է TASS գործակալությունը:
Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհուրդը փետրվարի 25-ին վավերացրել էր քաղաքացիների կեցության փոխադարձ կարգի մասին համաձայնությունը:
Փաստաթուղթը Հայաստանի տարածքում ժամանակավորապես գտնվող ՌԴ քաղաքացիներին և Ռուսաստանի տարածքում ժամանակավորապես գտնվող ՀՀ քաղաքացիներին ազատում է հյուրընկալող պետության պատկան մարմիններում 30 օրվա ընթացքում պարտադիր գրանցման պատասխանատվությունից:
Այսպես՝ Հայաստանի քաղաքացիները, որոնք նախկինում պարտավոր էին Ռուսաստանում 30 օր գտնվելու ընթացքում միգրացիոն հաշվառման կանգնել, այժմ առանց գրանցման կարող են Ռուսաստանի տարածքում գտնվել ընդհանուր առմամբ 90 օր՝ 180 օրվա ընթացքում:
***
Հայաստանի տարածքում ՌԴ քաղաքացիների և Ռուսաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների կեցության կարգի վերաբերյալ ՌԴ և ՀՀ կառավարությունների միջև համաձայնագիրը ստորագրվել է 2014թ. հուլիսի 11-ին Սոչիում:
Ռուսաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների կեցության նոր կանոններ են սահմանվում՝ պայմանավորված 2015թ. Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցությամբ: Համանման համաձայնագրեր արդեն գործում են ԵՏՄ մյուս անդամներ Բելառուսի և Ղազախստանի քաղաքացիների համար: