Պուտինը հաստատել է ՌԴ տարածքում ՀՀ քաղաքացիների գրանցման կարգի պարզեցումը

Putin SigningՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Հայաստանի հետ երկու երկրների քաղաքացիների գրանցման կարգի պարզեցման մասին համաձայնագրի վավերացման մասին օրենքը: Մարտի 9-ին փաստաթուղթը հրապարակվել է ՌԴ իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, հաղորդում է TASS գործակալությունը:

Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհուրդը փետրվարի 25-ին վավերացրել էր քաղաքացիների կեցության փոխադարձ կարգի մասին համաձայնությունը:

Փաստաթուղթը Հայաստանի տարածքում ժամանակավորապես գտնվող ՌԴ քաղաքացիներին և Ռուսաստանի տարածքում ժամանակավորապես գտնվող ՀՀ քաղաքացիներին ազատում է հյուրընկալող պետության պատկան մարմիններում 30 օրվա ընթացքում պարտադիր գրանցման պատասխանատվությունից:

Այսպես՝ Հայաստանի քաղաքացիները, որոնք նախկինում պարտավոր էին Ռուսաստանում 30 օր գտնվելու ընթացքում միգրացիոն հաշվառման կանգնել, այժմ առանց գրանցման կարող են Ռուսաստանի տարածքում գտնվել ընդհանուր առմամբ 90 օր՝ 180 օրվա ընթացքում:

***

Հայաստանի տարածքում ՌԴ քաղաքացիների և Ռուսաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների կեցության կարգի վերաբերյալ ՌԴ և ՀՀ կառավարությունների միջև համաձայնագիրը ստորագրվել է 2014թ. հուլիսի 11-ին Սոչիում:

Ռուսաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների կեցության նոր կանոններ են սահմանվում՝ պայմանավորված 2015թ. Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցությամբ: Համանման համաձայնագրեր արդեն գործում են ԵՏՄ մյուս անդամներ Բելառուսի և Ղազախստանի քաղաքացիների համար: