Թբիլիսիում աղմուկի համար կտուգանեն

241ffce3199cd3f7Թբիլիսիում կտուգանեն աղմուկի համար: Թբիլիսիի քաղաքային խորհուրդը Վարչական խախտումների օրենսգրքի՝ մայրաքաղաքում աղմուկի կարգավորման մասով փոփոխությունների նախագիծ է մշակել, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը:

Խորհրդի իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Թեդո Կոբախիձեի խոսքով՝ գործող իրավական նորմերը աղմուկի կարգավորման մեխանիզմներ չեն պարունակում, և հաշվի առնելով հանգամանքը, որ հարցը մեծապես մտահոգում է քաղաքի բնակչությանը, մշակվել է փոփոխությունների նախագիծը: Ըստ նրա՝ օրենսդրական նախագծի վերջնական տարբերակի վրա աշխատել են պետական տարբեր գերատեսչությունների, քաղաքի բնակիչներ և այլ շահագրգիռ կողմերի հետ՝ օրենքը համապատասխանեցնելով եվրոպական չափորոշիչների հետ:

Այսպես՝ նախատեսվող փոփոխությունների համաձայն` ժամը 07:00-23:00-ը քաղաքում թույլատրելի է համարվում 40 դեցիբել աղմուկը, ժամը 23:00-07:00-ը՝ 30 դեցիբելը: Կանոնների խախտման դեպքում ցերեկային ժամերին ֆիզիկական անձը կտուգանվի 150 լարի՝ շուրջ 70 դոլար, իրավաբանական անձը՝ 500 լարի՝ 230 դոլար: Գիշերային ժամերին տուգանքը ավելի մեծ կլինի: Այսպես՝ ֆիզիկական անձանց համար գիշերային ժամերին տուգանքը կկազմի 300 լարի՝ 138 դոլար, իրավաբանական անձանց համար՝ 1000 լարի՝ 460 դոլար: Խախտումը կրկնելու դեպքում տուգանքը կլինի կրկնակի:

Հայաստանում վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով սահմանված է, որ ժամը 22:00-06:00-ը «լռության խախտումը, այսինքն` բարձրաձայն երգելը, երաժշտական գործիքներ նվագելը, ձայնային ազդանշաններ տալը, բարձր միացրած հեռուստացույցից, ռադիոընդունիչից, մագնիտոֆոնից և այլ ապարատներից օգտվելը բնակելի շենքերի բնակարաններում, մուտքերում և բակերում, փողոցներում և այլ հասարակական վայրերում, բնակելի տարածություններում և դրանցից դուրս աղմուկով ուղեկցվող աշխատանքներ կատարելը, որոնք կապված չեն անհետաձգելի անհրաժեշտության հետ, ինչպես նաև նման մյուս գործողությունները` առաջացնում են նախազգուշացում կամ տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով և նախազգուշացում կամ տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով»:

Հայաստանում ներկայում նվազագույն աշխատավարձը 50 հազ. դրամ է:

Մեկնաբանել