Սեյրան Օհանյանն ընդունել է Լիբանանի ՊՆ պատվիրակությանը

PgqRnC7PYspatlEHi7cGIj0mzsՊաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մարտի 9-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Լիբանանի պաշտպանության նախարարության պատվիրակությանը` բրիգադի գեներալ Մանուել Քիրեջյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մաքարոնը:

Ինչպես հաղորդում են պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև պաշտպանական բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր:

«Մասնավորապես, պաշտպանության նախարարն ընդգծել է բարձր մակարդակի ռազմաքաղաքական հարաբերություններ հաստատելու անհրաժեշտությունը և հյուրերին ներկայացրել համագործակցության հնարավոր առաջնահերթ ուղղությունները:

Լիբանանյան կողմը նույնպես կարևորել է երկու երկրների միջև առկա ջերմ բարեկամական հարաբերությունները համագործակցային դաշտ տեղափոխելու պատրաստակամությունը:

Նույնը օրը պատվիրակությանն ընդունել է նաև պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել մի շարք ոլորտներում փորձի փոխանակման վերաբերյալ, ինչի արդյունքում մոտ ապագայում համագործակցությանը կհաղորդվի գործնական բնույթ: Քննարկվել են նաև երկու երկրների միջև 2001թ. ստորագրված ռազմական համագործակցության մասին համաձայնագրի արդիականացմանը և 2015թ. երկկողմ համագործակցության պլանին առնչվող հարցեր»,- ասված է ՊՆ մամուլի հաղորդագրությունում:

***

Ներկայում Լիբանանում է հայ խաղաղապահների առաջին զորախումբը, որը մասնակցում է ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (ՅՈՒՆԻՖԻԼ) առաքելությանը: Հայ խաղաղապահները ծառայում են Լիբանանի հարավում` իտալական հրամանատարության ներքո: