ԼՂՀ ոստիկանապետի հրամանով Բերձորի դեպքերի առնչությամբ ոստիկանության մի շարք ծառայողներ ենթարկվել են տույժերի և ազատվել աշխատանքից:
Ինչպես հաղորդում են ԼՂՀ ոտիկանության մամուլի ծառայությունից, ԼՂՀ ոստիկանապետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի մարտի 9-ի հրամանով` 2015թ. հունվարի 31-ին «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման կողմից ԼՂՀ-ում իրազեկման ավտոերթի անցկացման ժամանակ կարգապահական կոպիտ խախտում կատարելու համար ԼՂՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գագիկ Գուրգենի Ղահրամանյանին հայտարարվել է նկատողություն:
Խիստ նկատողություն է հայտարարվել ԼՂՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետին, Ստեփանակերտի քաղաքային վարչության պարեկապահակետային ծառայության վաշտի հրամանատարին և ևս հինգ աշխատակցի:
ԼՂՀ ոստիկանապետի նույն հրամանի համաձայն` կարգապահական կոպիտ խախտում կատարելու համար ոտիկանությունից ազատվել է 10 աշխատակից:
Ծառայողական լիազորությունների սահմանն անցնելու համար խիստ նկատողություն է հայտարարվել երեք աշխատակցի և ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար նկատողություն է հայտարարվել չորս ոստիկանի:
Բերձորի դեպքերի առնչությամբ նշանակված ծառայողական քննությունն ավարտվել էր մարտի 3-ին:
***
Հունվարի 31-ին ԼՂՀ ոստիկանները Բերձորի մոտ հարձակվել էին Երևանից Լեռնային Ղարաբաղ մեկնող «Հիմնադիր խորհրդարանի» ավտոերթի մասնակիցների վրա, ծեծի ենթարկել նրանց, կոտրել մեքենաների ապակիները և դրոշները: