Արցախում մի շարք ոստիկաններ ազատվել են աշխատանքից

1463061_793107114092500_2080328606585989441_n11ԼՂՀ ոստիկանապետի հրամանով Բերձորի դեպքերի առնչությամբ ոստիկանության մի շարք ծառայողներ ենթարկվել են տույժերի և ազատվել աշխատանքից:

Ինչպես հաղորդում են ԼՂՀ ոտիկանության մամուլի ծառայությունից, ԼՂՀ ոստիկանապետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի մարտի 9-ի հրամանով` 2015թ. հունվարի 31-ին «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման կողմից ԼՂՀ-ում իրազեկման ավտոերթի անցկացման ժամանակ կարգապահական կոպիտ խախտում կատարելու համար ԼՂՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գագիկ Գուրգենի Ղահրամանյանին հայտարարվել է նկատողություն:

Խիստ նկատողություն է հայտարարվել ԼՂՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետին, Ստեփանակերտի քաղաքային վարչության պարեկապահակետային ծառայության վաշտի հրամանատարին և ևս հինգ աշխատակցի:

ԼՂՀ ոստիկանապետի նույն հրամանի համաձայն` կարգապահական կոպիտ խախտում կատարելու համար ոտիկանությունից ազատվել է 10 աշխատակից:

Ծառայողական լիազորությունների սահմանն անցնելու համար խիստ նկատողություն է հայտարարվել երեք աշխատակցի և ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար նկատողություն է հայտարարվել չորս ոստիկանի:

Բերձորի դեպքերի առնչությամբ նշանակված ծառայողական քննությունն ավարտվել էր մարտի 3-ին:

***

Հունվարի 31-ին ԼՂՀ ոստիկանները  Բերձորի մոտ հարձակվել էին Երևանից Լեռնային Ղարաբաղ մեկնող «Հիմնադիր խորհրդարանի» ավտոերթի մասնակիցների վրա, ծեծի ենթարկել նրանց, կոտրել մեքենաների ապակիները և դրոշները: