Ադրբեջանում մի շարք մեղադրանքներ են առաջադրել գերեվարված հային

TH_RepatriationԱդրբեջանում մարտի 10-ին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող, 2014թ. դեկտեմբերի  26-ին գերեվարված Արսեն Բաղդասարյանի գործն ուղարկվել է դատարան, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը։

Բաղդասարյանին ներկայացվել է հանցավոր խմբավորման անդամ լինելու, մի խումբ մարդկանց կողմից իրականացված դիտավորյալ սպանության փորձի, կազմակերպված խմբի կամ հանցավոր խմբավորման կողմից սպանության փորձի, երկու կամ ավելի մարդկանց դիտավորյալ սպանության փորձի, ազգային, կրոնական կամ ռասայական ատելության հողի վրա դիտավորյալ սպանության, Ադրբեջանին տնտեսական վնաս պատճառելու մեղադրանք: Բաղդասարյանի գործով Բաքվի զինվորական դատարանը խափանման միջոց է ընտրել կալանքը:

Արսեն Բաղդասարյանը գերեվարվել է 2014թ. դեկտեմբերի 26-ին։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության ներկայացուցիչներին ադրբեջանական իշխանությունները առաջին անգամ թույլատրել են ռազմագերուն տեսակցել ընթացիկ տարվա փետրվարի 19-ին:

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը դեկտեմբերին տեղեկատվություն էր տարածել, թե Լեռնային Ղարաբաղի կողմից Աղդամի ուղղությամբ իրականացվել է դիվերսիոն գործողության փորձ, որի հետևանքով «դիվերսանտ Բաղդասարյանը գերի է ընկել»: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում: «Ինչ վերաբերում է Արսեն Էդուարդի Բաղդասարյանի գերեվարմանը, ապա ՊԲ-ն իրազեկում է, որ տվյալ անձը, հանդիսանալով պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, որի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորումով, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից»,- ասված էր ԼՂՀ ՊՆ հաղորդագրությունում:

ԼՂՀ Վերաքննիչ դատարանը մարտի 10-ին վճռել է ուժի մեջ թողնել ԼՂՀ առաջին ատյանի դատարանի՝ ադրբեջանցի երկու դիվերսանտների՝ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի գործով դատավճիռը, ըստ որի նրանք դատապարտվել էին համապատասխանաբար ցմահ և 22 տարի ազատազրկման: