Նախագահի հայեցողական լիազորությունները պետք է սահմանափակել. ԵԽ հանձնակատարի զեկույցը

nils-muiznieks_1Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեքսը մարտի 10-ին հրապարակել է 2014թ. հոկտեմբերի 5-9-ը Հայաստան կատարած իր այցի արդյունքներով զեկույցը:

Զեկույցը վերաբերում է հետևյալ հիմնական խնդիրներին` արդարադատության իրականացում, մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ բողոքների արդյունավետ քննություն և կանանց իրավունքներ ու գենդերային հավասարություն: Զեկույցի համառոտ ակնարկը ներկայացված է ստորև:

Արդարադատության իրականացումը

Իրավունքի գերակայության անքակտելի բաղադրիչ է արդարադատության ուժեղ և գործուն համակարգը, որում լիարժեքորեն ներկառուցված է մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի սկզբունքը: Հանձնակատարը խրախուսում է արդարադատության ոլորտի բարեփոխման ուղղությամբ գործադրվող ջանքերը և ընդգծում է, որ ոլորտի անկախությունը, անկողմնակալությունը և արդյունավետությունը եվրոպական ստանդարտներին համապատասխան բարձրացնելու համար անհրաժեշտ է գործադրել բոլոր ջանքերը: Սա հույժ կարևոր է արդար դատաքննության իրավունքների իրագործման և դատական համակարգի նկատմամբ հանրության վստահությունը, ինչպես նաև իրականության մեջ դատական համակարգի բարեփոխումների փաստացի ազդեցությունը երաշխավորելու տեսանկյունից: Հանձնակատարը խորհուրդ է տալիս վերանայել դատավորների ընտրության, նշանակման, առաջխաղացման և ազատման ընթացակարգերը, որպեսզի ավելի լավ ապահովվի դատական իշխանության անկախությունը գործադիրից: Մասնավորապես, այդ հարցերում որոշումներ կայացնելու հիմնական իրավասությունը պետք է առավել որոշակիորեն վերապահել դրանց համար պատասխանատու դատական մարմնին, իսկ հանրապետության նախագահի հայեցողական լիազորությունները պետք է սահմանափակել՝ Եվրոպայի խորհրդի հանձնարարականներին համահունչ:

Հանձնակատարին մտահոգում են ստացված տեղեկություններն այն մասին, որ դատական բարձր ատյանները միջամտում են ավելի ցածր ատյանների դատավորների աշխատանքին: Անհատ դատավորներից յուրաքանչյուրի անկախությունը ողջ դատական համակարգի անկախության անհրաժեշտ նախադրյալն է: Առանձին դատավորներին պետք է թույլատրել, որպեսզի նրանք գործերով դատական ակտերը կայացնեն անկախորեն՝ թե ́  արտաքին սուբյեկտների, թե ́  ավելի բարձր դատական ատյանների կողմից գործադրվող ցանկացած անպատշաճ ազդեցությունից ազատ: Պետք է գոյություն ունենան արդարադատության իրականացման շրջանակում դատավորների գործունեության նկատմամբ անհարկի միջամտության դեպքերին արձագանքելու արդյունավետ մեխանիզմներ: Կարգապահական վարույթները չպետք է օգտագործվեն որպես ազդեցության կամ վրեժխնդրության գործիք դատավորների նկատմամբ, և դրանց կամայական օգտագործումը կանխելու համար պետք է ներդրվեն անհրաժեշտ երաշխիքներ: Հանձնակատարը հարկ է համարում նշել, որ բոլոր ատյաններում աճում է դատարանների ծանրաբեռնվածությունը, և ընդգծում է Հայաստանի դատական իշխանությանը բավարար ռեսուրսներ տրամադրելու և վեճերի լուծման նպատակով ոչ դատական մեխանիզմների կիրառությանը նախապատվություն տալու կարևորությունը:

Դատավարության կողմերի հավասարության և մրցակցության սկզբունքները հույժ կարևոր են արդար դատաքննության իրավունքների ապահովման տեսանկյունից: Հայաստանյան իշխանությունները, ինչպես նաև քրեական արդարադատության համակարգի բոլոր սուբյեկտները պարտավոր են ապահովել նշված սկզբունքների լիարժեք կիրառությունը պրակտիկայում: Նկատելով, որ դատախազությունը շարունակում է գերակա դիրք զբաղեցնել Հայաստանի քրեական արդարադատության համակարգում, Հանձնակատարը լրջագույնս ընդգծում է դատավորի՝ որպես անկողմնակալ «մրցավարի» կարևոր դերակատարումը: Հանձնակատարը կոչ է անում հայաստանյան իշխանություններին երաշխավորել պաշտպանության իրավունքը և անվճար իրավաբանական օգնության իրավունքը ոստիկանության կողմից ազատազրկվելու սկզբից ևեթ, ինչպես նաև քննության և դատական վարույթների ողջ ընթացքում: Անվճար իրավաբանական օգնության համակարգը պետք է կատարելագործել: Դատական, պետական և քաղաքական սուբյեկտները պետք է խղճամտորեն հարգեն անմեղության կանխավարկածի սկզբունքը՝ նախքան իրավասու դատական մարմնի կողմից փաստերի գնահատումը: Հանձնակատարին մտահոգում է այն հանգամանքը, որ մինչդատական կալանքը հաճախակի է կիրառվում Հայաստանում՝ որպես խափանման միջոց: Հանձնակատարը վերահաստատում է, որ մինչդատական կալանքը պետք է լինի ոչ թե նորմ, այլ բացառություն, և կոչ է անում հայաստանյան իշխանություններին անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնել օրենսդրության մեջ և պրակտիկայում, որպեսզի հնարավոր դառնա ազատազրկում չառաջացնող խափանման միջոցների արդյունավետ կիրառումը: Ավելին, լրացուցիչ միջոցառումներ է պետք իրականացնել իրավական և գործնական հարթություններում՝ ապահովելու համար քրեական արդարադատության համակարգում հարգանքն առ երեխաների իրավունքները:

Մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ բողոքների արդյունավետ քննությունը

Հանձնակատարը կոչ է անում հայաստանյան իշխանություններին միջազգային չափանիշներին համահունչ փոփոխել խոշտանգման սահմանումը քրեական օրենսգրքում, որպեսզի ապահովվի խոշտանգման գործողությունների ստույգ որակավորումն ու պատիժը: Հանձնակատարին լրջորեն մտահոգում են շարունակաբար ստացվող տեղեկությունները ոստիկանության և իրավապահ այլ մարմինների կողմից խոշտանգման և դաժան վերաբերմունքի մասին, ինչպես նաև դրա հետ կապված անպատժելիության խնդիրը, որոնց նպատակը հաճախ ինքնախոստովանական ցուցմունք ստանալն է: Պաշտոնատար անձանց մասնակցությամբ տեղի ունեցած բռնության քննության համար պատասխանատու քննչական մարմինների անկախության բարձրացման ուղղությամբ գործադրված ջանքերն ի գիտություն ընդունելով հանդերձ, Հանձնակատարը կոչ է անում հայաստանյան իշխանություններին էլ ավելի բարձրացնել Հատուկ քննչական ծառայության անկախությունը և ավելացնել վերջինիս կարողությունները, որպեսզի դաժան վերաբերմունքի հնարավոր գործերով ապացույցների հավաքման հարցում Հատուկ քննչական ծառայությունը ստիպված չլինի դիմել ոստիկանների օգնությանը:  Խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի եվրոպական կոմիտեի (CPT) կողմից 2013թ. ապրիլին Հայաստան կատարած այցելության զեկույցը մի շարք կոնկրետ հանձնարարականներ է պարունակում, որոնք ուղղված են հաշվետու գործելակերպի ապահովմանը,  մասնավորապես՝ մարմնական վնասվածքների մասին հաղորդելու գործող ընթացակարգի և դաժան վերաբերմունքի հնարավոր դեպքերի կապակցությամբ դատախազների գործողությունների բարելավմանը:

Հանձնակատարը կոչ է անում հայաստանյան իշխանություններին օրենքում և պրակտիկայում բարելավել խոշտանգումից և դաժան վերաբերմունքից պաշտպանող երաշխիքները: Նա ընդգծում է քրեական գործերի քննչական մեթոդների կատարելագործման կարևորությունը, որոնցով հնարավոր կլինի ավելի շատ օգտագործել իրեղեն ապացույցները և ավելի քիչ հենվել ինքնախոստովանական ցուցմունքների և հարցաքննությամբ ստացված տվյալների վրա: Լուրջ մտահոգության տեղիք տվող հաջորդ խնդիրը վերաբերում է այն տեղեկություններին, որոնց համաձայն դատարանները հենվում են ենթադրյալ հարկադրանքի պայմաններում ստացված ապացույցների վրա, հատկապես երբ դա հիմք է ծառայում մեղադրական դատավճռի համար: Հանձնակատարը ողջունում է իրավական այն նորմերի ընդունումը, որոնք հնարավոր են դարձնում արդարադատության ձախողման և իրավապահ մարմինների անօրինական գործողությունների դեպքում  պատճառված ոչ նյութական վնասի դիմաց հատուցում պահանջելը: Ինչ վերաբերում է 2008թ. մարտի իրադարձությունների ընթացքում տեղի ունեցած մահվան տասը դեպքերի քննությանը, ապա Հանձնակատարը մտահոգությամբ նշել է, որ այն դեռևս արդյունքներ չի տվել:

Հանձնակատարը բարձր է գնահատում հայաստանյան իշխանությունների գործադրած ջանքերը զինվորական ծառայությունից խղճի թելադրանքով հրաժարման իրավունքի կապակցությամբ վաղուց առկա հիմնախնդիրն արդյունավետորեն լուծելու ուղղությամբ: Այնուհանդերձ, նա ափսոսանքով է նկատում, որ Հայաստանի բանակում շարունակվել են արձանագրվել ոչ մարտական պայմաններում տեղի ունեցող բռնարարքները, որոնք երբեմն հանգեցրել են մահվան: Նա կոչ է անում հայաստանյան իշխանություններին՝ լրացուցիչ թափ հաղորդել այս խնդիրը լուծելու ուղղությամբ նրանց կողմից գործադրվող ջանքերին, մասնավորապես՝ արդյունավետորեն քննելով մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ հնչեցվող բողոքները: Այս համատեքստում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել տուժողների ընտանիքների և հանրության վստահության մակարդակի բարձրացմանը:  Հանձնակատարը կոչ է անում հայաստանյան իշխանություններին իրագործել Մարդու իրավունքների պաշտպանության միջոցառումների ազգային ծրագրով նախատեսված այն միջոցառումները, որոնք ուղղված են բանակում մարդու իրավունքների վիճակի բարելավմանը:

Կանանց իրավունքները և գենդերային հավասարությունը

Գենդերային հավասարությունը մարդու իրավունքների հիմնարար սկզբունք է, իսկ կանանց իրավունքները՝ մարդու համընդհանուր իրավունքների անօտարելի, անքակտելի և անբաժանելի մասը: Հանձնակատարի այցի շրջանակում արձանագրվեց, որ հասարակությունում կանանց հավասար կարգավիճակի ապահովման և սեռի հիմքով խտրականության և կողմնակալության դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանում դեռևս զգալի անելիքներ կան: Հանձնակատարը հարկ է համարում վերհիշել այդ ոլորտներում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները և ողջունում է գենդերային խնդիրներին վերաբերող գորոծողությունների որդեգրումը և «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» 2013թ. օրենքի ընդունումը՝ որպես քայլեր ճիշտ ուղղությամբ, որոնք անհրաժեշտ է գործնականում իրագործել: Հաջորդ կարևոր քայլը կլիներ խտրականության դեմ պայքարի համապարփակ օրենքի ընդունումը՝ որպես հիմք ընդունելով այն աշխատանքը, որն արդեն իսկ կատարվել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից՝ խորհրդակցելով այլ գործող անձանց հետ և հաշվի առնելով միջազգային ստանդարտները և հաջողված փորձը: Հանձնակատարը կոչ է անում հայաստանյան իշխանություններին՝ կոնկրետ քայլեր ձեռնարկել հանրային և քաղաքական կյանքում կանանց դերի բարձրացման և նրանց հնարավորությունների ավելացման ուղղությամբ,  ինչպես նաև կրթական համակարգում բացառել գենդերային կողմնակալությունը և կարծրատիպերը:

Կանանց նկատմամբ բռնությունը և ընտանեկան բռնությունը երբևէ չեն կարող ընդունելի լինել, և Հանձնակատարը քաղաքական և համայնքային գործիչներին քաջալերում է՝ աներկբա ուղերձ հղել այդ կապակցությամբ: Նա ընդգծում է ընտանեկան բռնության դեմ պայքարի հատուկ օրենսդրություն ընդունելու և Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու կարևորությունը: Մտահոգությամբ նշելով, որ Հայաստանում արդյունավետորեն չեն հայտնաբերվում, քննվում, քրեական հետապնդման ենթարկվում և պատժվում ընտանեկան բռնության դեպքերը՝ Հանձնակատարն իշխանություններին կոչ է անում շտկել այդ թերությունները և արդյունավետորեն պաշտպանել բռնությունից տուժողներին: Նա նաև հարկ է համարում նշել, որ նախածննդյան փուլում սեռի ընտրության երևույթը, որի ապացույցն է տղաների և աղջիկների թվերի մեջ արական սեռի նորածինների անհամամասնական գերակշռությունը,  նույնպես վկայում է գենդերային կողմնակալության գոյության մասին, և իշխանություններին կոչ է անում միջոցներ ձեռնարկել այս երևույթի դեմ պայքարելու ուղղությամբ:

Ամփոփելով,  Հանձնակատարն ընդգծում է քաղաքացիական հասարակության սուբյեկտների, մասնավորապես՝ կանանց իրավունքների բնագավառում գործող իրավապաշտպան կազմակերպությունների և իրավապաշտպանների կողմից իրականացվող աշխատանքի կարևորությունը, և շեշտում է, որ անհրաժեշտ է ապահովել, որպեսզի նրանք կարողանան իրենց գործունեությունն իրականացնել ահաբեկումից և սպառնալիքներից ազատ միջավայրում: Դիտարկվող այս խնդիրները ներկայում արդեն ավելի կարևոր տեղ են զբաղեցնում հանրային քննարկումների օրակարգում, և կարելի է լրատվամիջոցներին քաջարելել, որ նրանք էլ ավելի ակտիվ դեր ստանձնեն կանանց իրավունքների և գենդերային հավասա հավասարության վերաբերյալ հանրության իրազեկության և ընկալման մակարդակի բարձրացման գործում: