Հայաստանը նորից եվրապարտատոմսեր կթողարկի

Eurobonds1Հայաստանը նոր եվրապարտատոմսեր կթողարկի. կառավարությունը մարտի 10-ի նիստին հավանություն է տվել եվրապարտատոմսերի թողարկման ազդագրին, եվրապարտատոմսերի թողարկման գլխավոր տեղաբաշխողների խմբի հետ կնքվելիք բաժանորդագրության և պարտավորությունների կառավարման պայմանագրերին, մի շարք այլ փաստաթղթերի:

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, այդպիսով կարգավորվում են իրավահարաբերությունները գլխավոր տեղաբաշխողների խմբի, ֆիսկալ գործավարի, գործընթացին առնչվող այլ սուբյեկտների հետ:

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը կառավարության նիստին նշել է, որ եվրապարտատոմսերի թողարկումը մշտապես դիտարկվում է որպես պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներից մեկը:

«Սակայն պետական պարտքի կառավարման գործառույթը չի սահմանափակվում միայն պարտատոմսերի տեղաբաշխմամբ: Պոտենցիալ ռիսկերը նվազեցնելու տեսանկյունից պակաս կարևոր չէ նաև պարտավորությունների կառավարումը»- ասել է Գագիկ Խաչատրյանը:

Նա նշել է, որ եվրոապարտատոմսերով գործառույթների իրականացումը կախված է միջազգային կապիտալի շուկայի պայմաններից:

***

Հայաստանն առաջին անգամ արտարժույթով պարտատոմսեր է թողարկել 2013թ. սեպտեմբերին: Գլխավոր տեղաբաշխողներն են եղել Deutsche Bank AG-ն, LondonBranch-ը, HSBC Bank plc-ը և J.P.Morgan Securities plc-ն: Թողարկման ծավալը կազմել էր 700 մլն դոլար, մարման ժամկետը՝ 7 տարի, եկամտաբերությունը՝ 6 տոկոս:

Նվազագույնը $500 մլն-ի դոլարային պետական պարտատոմսերի թողարկման վերաբերյալ որոշումը կառավարությունը կայացրել էր 2013թ. մայիսին: