Հայ մարզիկները կմասնակցեն Բաքվում այս տարի կայանալիք Եվրոպական առաջին ամառային խաղերին: Այս մասին հայտարարվել է մարտի 10-ին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) գործկոմի հերթական նիստին:
Ինչպես ասված է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի տարածած հաղորդագրությունում, Գագիկ Ծառուկյանը նշել է, որ «մարզաշխարհը մեկ միասնական ընտանիք է, և համապատասխանաբար նաև կարևոր որոշումները պետք է միասնաբար ընդունվեն»: «Խնդրի հանգամանալից քննարկումից հետո քվեարկությամբ որոշում է կայացվել մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին ամառային խաղերին»,- ասված է հաղորդագրությունում:
Հայ մարզիկները մրցակիցների հետ իրենց ուժերը չափելու են վեց մարզաձևերում:
«Գագիկ Ծառուկյանը ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանին հանձնարարել է ամենասեղմ ժամկետներում բարձր մակարդակով իրականացնել կազմակերպչական աշխատանքները՝ խաղերին հայ մարզիկների մասնակցությունը լավագույնս ապահովելու համար»,- ասված է հաղորդագրությունում:
***
Եվրոպական խաղերը Բաքվում տեղի են ունենալու հունիսի 12-28-ը:
Օրերս Բաքուն հայտնվել էր միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների թիրախում: Մարտի 4-ին` Եվրոպական խաղերի անցկացումից 100 օր առաջ Amnesty International-ը և Human Rights Watch-ը հանդես էին եկել Ադրբեջանին քննադատող հայտարարություններով:
Amnesty International-ը նշել էր, որ «սպառնալիքները, ֆիզիկական բռնությունները և կառավարության քննադատների ձերբակալությունները դարձել են այցեքարտը մի երկրի, որտեղ 100 օր հետո՝ հունիսի 12-28-ը, անցկացվելու են Եվրոպական առաջին խաղերը: «Որևէ մեկին թող չմոլորեցնի միջազգային ցուցահանդեսներում Ադրբեջանի փայլը, որն արվում է երկրի համար դրական վարկանիշ ստեղծելու և օտարերկրյա բիզնեսը գրավելու համար»,- նշել էր իրավապաշտպան կազմակերպությունը:
Human Rights Watch-ն իր հերթին եվրոպական երկրների առաջնորդներին կոչ էր արել Բաքվին զգուշացնել, որ ձերբակալվածներին ազատ արձակի: