Ռուսաստանը դուրս է գալիս Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրից

RF MFAՌուսաստանը դադարեցնում է մասնակցությունը Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրով (ԵՍԶՈՒՊ) գործող Համատեղ խորհրդատվական խմբի նիստերին: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ Մոսկվան 2015թ. մարտի 11-ից ամբողջությամբ դադարեցնում է ԵՍԶՈՒՊ գործունեությունը: Ավելին, ռուսական կողմը հայտարարել է, որ դիմում է Բելառուսին՝ ԱՊՀ-ում իր շահերը ներկայացնելու խնդրանքով:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ ասված է նաև, որ այդ քայլը չի նշանակում, որ Մոսկվան հրաժարվում է Եվրոպայում սովորական սպառազինությունների վրա վերահսկողության (ԵՍՍՎ) շուրջ հետագա երկխոսությունից՝ «եթե և երբ դրա համար հասունացած կլինեն Ռուսաստանի գործընկերները»:

«Մենք նախկինի պես պատրաստ ենք աշխատել ԵՍՍՎ նոր ռեժիմի շուրջ, որը կհամապատասխանի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ եվրոպական մյուս պետությունների շահերին»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը ու հավելել, որ «ցավոք, ՆԱՏՕ-ի երկրները նախըտրեցին փաստացիորեն շրջանցել ԵՍԶՈՒՊ դրույթները՝ ընդլայնելով դաշինքը»:

Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը ստորագրվել է 1990թ.: Ռուսաստանը դարձել է պայմանագրի մասնակից երկիր որպես ԽՍՀՄ իրավահաջորդ: Փաստաթուղթը ՆԱՏՕ-ի և Վարշավայի պայմանագրի անդամ-պետությունների համար սովորական սպառազինությունների վրա քվոտաներ էր սահմանում:

Ի զարգացում ԵՍԶՈՒՊ-ի՝ 1999թ. ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք ընդլայնման կապակցությամբ ստորագրվել է Ադապտացման մասին համաձայնագիրը: Մոսկվան միացել է Ադապտացման մասին համաձայնագրին, սակայն այն այդպես էլ չի վավերացվել եվրոպական պետությունների կողմից: 2007թ. Ռուսաստանը դադարեցրել է ԵՍԶՈՒՊ գործունեությունը:

Մեկնաբանել