Ուորլիքը ողջունում է հայ մարզիկներին Բաքու ուղարկելու որոշումը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ողջունում է հայ մարզիկների` Բաքվում այս տարի կայանալիք Եվրոպական առաջին ամառային խաղերին մասնակցելու որոշումը:

«Լավ լուր է, որ հայ մարզիկները կմասնակցեն Բաքվում Եվրոպական խաղերին: Հուսով եմ` Ադրբեջանը կողջունի որոշումը»,- Թվիթերում գրել է Ուորլիքը:

Հայ մարզիկների` Եվրոպական խաղերին մասնակցելու որոշումը կայացվել է մարտի 10-ին` Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի նիստին: Հայ մարզիկները մրցակիցների հետ իրենց ուժերը չափելու են վեց մարզաձևերում:

Եվրոպական խաղերը Բաքվում տեղի են ունենալու հունիսի 12-28-ը:

***

Օրերս Բաքուն հայտնվել էր միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների թիրախում: Մարտի 4-ին` Եվրոպական խաղերի անցկացումից 100 օր առաջ Amnesty International-ը և Human Rights Watch-ը հանդես էին եկել Ադրբեջանին քննադատող հայտարարություններով:

Amnesty International-ը նշել էր, որ «սպառնալիքները, ֆիզիկական բռնությունները և կառավարության քննադատների ձերբակալությունները դարձել են այցեքարտը մի երկրի, որտեղ 100 օր հետո՝ հունիսի 12-28-ը, անցկացվելու են Եվրոպական առաջին խաղերը: «Որևէ մեկին թող չմոլորեցնի միջազգային ցուցահանդեսներում Ադրբեջանի փայլը, որն արվում է երկրի համար դրական վարկանիշ ստեղծելու և օտարերկրյա բիզնեսը գրավելու համար»,- նշել էր իրավապաշտպան կազմակերպությունը:

Human Rights Watch-ն իր հերթին եվրոպական երկրների առաջնորդներին կոչ էր արել Բաքվին զգուշացնել, որ ձերբակալվածներին ազատ արձակի:

Մեկնաբանել