Մոսկվան ասում է՝ Ղրիմում միջուկային զենք տեղակայելու իրավունք ունի

Մոսկվան հայտարարում է, որ սկզբունքորեն իրավունք ունի ցանկացած տարածքում միջուկային զենք տեղակայել: Մոսկվան հայտարարում է, որ սկզբունքորեն իրավունք ունի իր ցանկացած տարածքում միջուկային զենք տեղակայել:

Մոսկվան Ղրիմում միջուկային զենք տեղակայելու իրավունք ունի, սակայն նման մտադրության մասին տեղեկություն դեռ չկա: Այսպիսի հայտարարություն է արել Ռուսաստանի արտգործնախարարության՝ սպառազինությունների չտարածման և վերահսկողության վարչության պետ Միխայիլ Ուլյանովը:

«Բնականաբար, Ռուսաստանը իր տարածքում՝ ցանկացած շրջանում, միջուկային զենք տեղակայելու իրավունք ունի, եթե անհրաժեշտ համարի: Ղրիմում միջուկային զենքի առկայության մասին այս պահին ես տեղյակ չեմ, չգիտեմ նաև այնտեղ դրա տեղակայման վերաբերյալ մտադրության մասին, սակայն սկզբունքորեն ելնում ենք նրանից, որ նման իրավունք մենք ունենք, չնայած՝ Կիևն այլ կերպ է կարծում»,- «ՌԻԱ նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ուլյանովը:

Ղրիմը փրկեցինք ազգայնականներից. Պուտին

Ռուսաստանին Ղրիմի միացման տարեդարձին նվիրված վավերագրական ֆիլմում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ պատմել է, որ ինքը Ղրիմը վերադարձնելու ուղղությամբ աշխատանք սկսելու հրաման է տվել: Ըստ Պուտինի՝ Ռուսաստանին Ղրիմի միացման շուրջ հանրաքվեից առաջ թերակղզում անցկացվել էր սոցիոլոգիական փակ հետազոտություն, որի արդյունքում պարզվել է, որ բնակչության 75 տոկոսը կողմ է Ռուսաստանին միանալուն: 

Ղրիմի բնակչությունը՝ «ահաբեկչության թագավորությունում». Նուլանդ

Մինչդեռ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը կարծում է, որ Ղրիմի Հանրապետությունն ու Ուկրաինայի արևելքը ապրում են «ահաբեկչության թագավորությունում»:

«Չնայած Ուկրաինան կառուցում է խաղաղ, ժողովրդավարական և անկախ պետություն իր տարածքի 93 տոկոսի վրա՝ Ղրիմն ու Արևելյան Ուկրաինան տառապում են ահաբեկչության թագավորությունում,- BBC-ն մեջբերում է Նուլանդին: – Ղրիմի թաթարներն ու ուկրաինացիները, որոնք հրաժարվել են հանձնել իրենց անձնագրերը, սեռական փոքրամասնություններն ու լրագրողները,- այս և բնակչության շատ այլ խավեր ապրում են պատժված լինելու մշտական վախի մթնոլորտում»:

Ակնարկ

2014թ. մարտի 16-ին Ղրիմում անցկացվել է թերակղզու կարգավիճակի շուրջ հանրաքվե, որի արդյունքում Ռուսաստանին միանալուն կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների 96,77%-ը՝ 1,233 մլն մարդ։

ԱՄՆ-ը և ԵՄ-ն Ղրիմի հանրաքվեն անօրինական են համարել: ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունել է բանաձև, որով թերակղզում անցկացված հանրաքվեն անվավեր է ճանաչվել: Ղրիմի կցումից հետո Արևմուտքը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ: