Չի կարելի միշտ մտածել անցյալի մասին, պետք է նայել դեպի ապագան

ruben vardanyan and george clooney Ռուբեն Վարդանյանը և Ջորջ Քլունին:

Մարտի 10-ին մեկնարկեց 100 ԿՅԱՆՔ ծրագիրը, որի նախաձեռնողներն են գործարար Ռուբեն Վարդանյանն ու նրա տիկին Վերոնիկա Զոնաբենդը: Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին 1 միլիոն դոլար կհատկացվի այն անհատին, ով իր կյանքը վտանգելով՝ փրկում է ուրիշների կյանքը: Ծրագրի համաձայն՝ մրցանակակիրը այդ գումարը պետք է նվիրաբերի բարեգործությանը՝ սեփական ընտրությամբ: Ծրագրի մեկնարկը Նյու Յորքում ազդարարեցին Ռուբեն Վարդանյանը և հոլիվուդյան կինոաստղ Ջորջ Քլունին: ՍիվիլՆեթը թարգմանաբար ներկայացնում է հատվածներ նրանց զրույցից:

Ռուբեն Վարդանյան

Ինձ համար սա իմ ընտանիքի պատմությունն է: Կարծում եմ՝ մեր ազգի համար շատ կարևոր է նաև դուրս գալ զոհի կարգավիճակից, որը թակարդ է: Չի կարելի միշտ մտածել անցյալի մասին, պետք է նայել դեպի ապագան: Պետք է հիշել՝ ինչ է տեղի ունեցել 100 տարի առաջ, սակայն զրոյական կետի հասնել ու հասկանալ, որ մենք մի ազգ ենք, որը գոյատևեց: Ես ցանկանում եմ, որ որդիս, թոռս հպարտ լինեն հայ լինելու համար: Ես հիշում եմ, երբ պապս պատմություններ էր պատմում ցեղասպանության մասին, թե ինչպես էր փրկվել: Սակայն շատ չէր սիրում խոսել այդ մասին: Ինձ համար շատ հուզիչ էր: Ինձ համար այդ նույն պատմությունը թոռանս պատմելն ավել ծանր կլինի, և ես ցանկանում եմ նրան հետևյալ ուղերձը փոխանցել` այո, դա պատահել է, և շատ դառն է մեզ համար, սակայն մենք հաղթահարեցինք դա, և մենք ուժեղ ազգ ենք` բազմաթիվ հաջողակ պատմություններով: Ես ուզում եմ դա փոխել, որ նա իմանա, որ մենք հաջողակ ենք, մենք ողջ ենք և մնալու ենք: Չնայած հայերի 70 տոկոսը սպանվեց, կարող եք պատկերացնել մի ազգ, որ վերադարձավ 100 տարի անց և բարձրաձայնեց, որ կենդանի է և լավ բան է անում: Կարծում եմ՝ դա շատ դրական է և ինձ ոգեշնչում է աշխարհին ու այլ ազգերին ասելու` նայե՛ք մեզ, սովորե՛ք մեզնից, մենք ուրախ ենք կիսվելու մեր փորձով բոլորիդ հետ, քանի որ դա նորից ու նորից է տեղի ունենում, և պետք է դաս քաղել, չպետք է թույլ տալ, որ սխալները կրկնվեն: Դա ևս ինձ ոգեշնչեց, անել կարևոր որևէ բան ոչ միայն հենց քեզ, այլ մյուս ազգերի համար, մարդկանց համար:

Եթե հետադարձ հայացք նետենք պատմությանը, Ցեղասպանությունից հետո առաջին 30-40 տարիների ընթացքում հայերը խուսափում էին այդ մասին խոսել: 1965-ից՝ 50-րդ տարելիցից հետո մենք սկսեցինք բարձրաձայնել Ցեղասպանության մասին: Շատ դժվար էր խոսել, որ դու սպանվել ես, քո հողերը խլել են քեզնից, կորցրել ես պատմական հայրենիքդ ու ամեն ինչ, հեշտ չէ խոսել կորստի մասին: Սակայն միևնույն ժամանակ հայերը հասկացան, որ մենք պետք է փրկենք ինքներս մեզ: Եվ բազմաթիվ հայեր ներդրեցին իրենց ահռելի ջանքերը, գումարներն ու ժամանակը` փորձելով պահպանել հայկական մշակույթն ու պատմությունը: Աշխարհի տարբեր ծայրերում մենք սկսեցինք կառուցել եկեղեցիներ, դպրոցներ, հաստատություններ, օրինակ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը և այլն: Եվ կարծում եմ՝ սա լավագույն օրինակն է, ինչպես Նուբար Աֆեյանն ասաց՝ շարունակելու և հայերի համար պահպանելու իրենց ինքնությունը… լեզուն, եկեղեցին, արժեքներն ու մշակույթը անչափ կարևոր են: Սա շատ լավ օրինակ է ազգերի համար` չնայած հսկայական ճնշմանը` պահպանել ինքնությունը:

Ջորջ Քլունի

Ես սկզբում կենտրոնացել էի շատ սպեցիֆիկ բաների վրա, և Դարֆուրի ցեղասպանությունը դրանցից մեկն էր: Երբ հայտնի ես, գոնե կարող ես հանրության ուշադրությունը սևեռել որևէ կոնկրետ հարցի վրա, քանի որ չես կարող քաղաքականություն փոխել: Ուստի մենք փորձեցինք աշխարհի իրազեկությունը բարձրացնել: Ես ծանոթ չէի տերմինոլոգիայի հետ կապված խնդիրներին, այնպիսի բառերի, որոնցից մեկն է «ցեղասպանությունը»: Ես փորձեցի համոզել, որ նույնիսկ Անվտանգության խորհրդում օգտագործեն «ցեղասպանություն» բառը, ինչն իհարկե նրանք չարեցին և չէին կարող անել:

Հայաստանի մասին տեղեկացա իմ ընկերներից մեկի` Բոբի Մանուկյանի միջոցով: Նա ասաց. «Դու մոտ ես որոշ սենատորների հետ, միգուցե կարողանաս խոսել նրանց հետ և Սենատում քննարկման բերել Ցեղապսանության հարցը»:

Ես փորձեցի… Այդքան էլ լավ չստացվեց: Պարզվեց` Թուրքիայում ունենք ռազմաբազա, որի մասին ես գաղափար չունեի: (Ծիծաղում է): Ինջիրլիկի ռազմաբազան… Ով իմանար: Ես ցնցված էի: Եվ այդ ամենի ու կապերի միջոցով սկսեցի ավելի շատ տեղեկանալ Հայաստանի մասին, իսկ Հայաստանի պարագայում միայն այն պատճառով, որ «ցեղասպանություն» եզրույթը հայերի հետ տեղի ունեցածից 30 տարի հետո է հորինվել, չի նշանակում, որ 1915-ին եղածը ցեղասպանություն չէ:

Ռուբենը շատ կառուցողական գաղափարներ ունի, թե ինչպես պետք է այս ամենն իրագործել: Եվ ես մտածեցի` դա հիանալի սկիզբ է ոչ միայն խոսելու ոճրագործությունների մասին, այլև հերոսության, մարդկանց մասին, ովքեր դա արեցին առանց որևէ պատճառի: Եվ մենք այնքան ենք կլանվում այս սարսափելի պատմություններում, որ երբեմն մոռանում ենք, որ եղել են այս հերոսական դրվագները, անհավատալիորեն քաջ մարդիկ: Մտածեցի` հիանալի գաղափար է ոչ միայն կենտրոնանալու 100 տարի առաջվա, այլև այն մարդկանց վրա, ովքեր հիմա էլ են դա անում:

Ռուբեն Վարդանյան

Մենք [ինքը և Քլունին] գտանք ընդհանուր նպատակ: Օգտագործելով անցյալը` տեսնել, թե ինչ է կատարվում այսօրվա աշխարհում, և դժբախտաբար, ականատեսն ենք լինում պատմության կրկնությանը: Այս մրցանակի հիմքում ընկած գաղափարներից մեկն էլ այն է, որ գումարը կաջակցի այս գործողություններին` ըստ իս այս շատ կարևոր ուղերձին, որ մենք ցանկանում ենք օգնել այլ մարդկանց ներգրավվել այս գործընթացում:

Ջորջ Քլունի

Կինս չգիտեր, որ ես աշխատում եմ Ռուբենի հետ, և Ստրասբուրգ գնալու պատրաստությունների մեջ էր՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որտեղ պայքարելու էր հայկական կողմից մի շատ հետաքրքրիր գործի համար [խոսքը հունվարի 28-ին ՄԻԵԴ-ում թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի գործի մասին է, որտեղ հայկական կողմի շահերը ներկայացնում էր փաստաբան Ամալ Քլունին՝ Ջորջ Քլունիի կինը – խմբ.]: Երբ Լոս Անջելեսում մեքենաս կայանում էի, բոլոր կայանատեղիների աշխատակիցները հայեր են, նրանք մոտենում էին ինձ ու ասում ` ցանկանում ենք համբուրել Ձեր կնոջը: Ես ասացի` բոլո՞րն են ուզում համբուրել իմ կնոջը:

Ռուբեն Վարդանյան

Մենք երբեմն կատակում ենք, որ Ջորջը հիմա Քլունյան է, ոչ թե Քլունի….

Մի օրինակ, թե ինչ պատահեց 100 տարի առաջ: Շատ հետաքրքիր պատմություն է, ոչ բոլոր ամերիկացիները գիտեն: 1915-ին «Նյու Յորք Թայմզը» ամերիկյան առաջին թերթն էր, որ տպագրեց Օսմայնան կայսրությունում տեղի ունեցող ցեղասպանության մասին լուրեր, եղան բազմաթիվ նյութեր, առաջին անգամ ասվեց, որ դա մարդկության դեմ հանցագործություն է, Ամերիկայով մեկ գումարային հանգանակություն եղավ: Հիանալի մի արշավ, հավաքվեց 150 միլիոն դոլար: Իսկ 1921-ից ամեն ինչ դադարեց, այլևս ոչ մի խոսք ցեղասպանության մասին: Ինչո՞ւ: Որովհետև կառավարությունը որոշեց, որ Թուրքիան իր գործընկերն է: Այդ ժամանակվանից ի վեր դա դարձել է քաղաքականության հիմնական գիծ: Ցանկանում եմ ասել, կառավարությունները շատ հաճախ այլ շահեր ունեն` լինի քաղաքական, ռազմական, տնտեսական, և շատ վտանգավոր է, երբ անտեսվում են մարդկային արժեքները: Կարծում եմ` շատ կարևոր է, որ մենք և այլ մարդիկ, ովքեր կյանքում որոշ ձեռքբերումներ ունեն` բիզնեսի կամ մշակույթի ոլորտում, կենդանի պահեն այս թեման:

Մենք երեք տարրեր ենք անում. անցյալ՝ փորձում ենք պատմել փրկիչների պատմությունները: Ներկա՝ մրցանակ տալ մարդկանց համար, ովքեր դա անում են այսօր: Կա նաև մեծ նախագիծ, օրինակ՝ տրամադրելու ենք կրթաթոշակներ երեխաների Սիրիայից, Լիբանանից, Իրաքից, Եգիպտոսից՝ Դիլիջանի միջազգային դպրոցում սովորելու համար: Ինչպես 100 տարի առաջ արաբները օգնեցին մեզ, մեր երեխաներին կենդանի մնալու, այժմ մեր նպատակն է օգնել մարդկանց, ովքեր լուրջ խնդիրների առաջ են այսօր, օգնել երեխաներին ստանալու կրթություն: Դիլիջանի մեր դպրոցը միջազգային է, միասին սովորում են 48 ազգությունների երեխաներ` Թուրքիայից, Սիրիայից, Իսրայելից, Պաղեստինից: Կարծում եմ՝ շատ կարևոր է երեխաներին համախմբել, լավ կրթություն տալ: Այս նախագիծը ապագայի կառուցման մասին է, մի ապագա` նոր հարաբերություններով, նոր վերաբերմունքով, քանի որ կարող ենք փոխել մտածելակերպը երեխաների օգնությամբ: Ոչինչ չեք կարող փոխել առանց մտածելակերպը փոխելու:

Ջորջ Քլունի

Հոլոքոստից հետո մենք ասացինք ` այլևս երբեք: Սակայն դրանից հետո եղավ Կամբոջան, Ռուանդան, Դարֆուրը, որը ոչ ոք չի ցանկանում ընդունել: Կարծում եմ` կրթական բաղադրիչը փայլուն նախագիծ է, դա պետք է դառնա մեր կրթության մաս: Եվ դա անելու պատճառը այն է, որ դա մեր պատմության մասն է, աշխարհի պատմության մասն է, մենք պետք է դա անենք: Եթե չանենք՝ որտեղի՞ց ենք սկսելու: Գիտեք, ես դա անվանում եմ դիտավորյալ մոռացություն: Մենք ոչ թե անմեղորեն մոռանում ենք, այլ ցանկանում ենք մոռանալ, ցանկանում ենք առաջ շարժվել: Ամերիկացիները, մասնավորապես, հետաքրքրված չեն վերապրելու վատ բաները:

Բայց երբեմն նրանք անում են դա, օրինակ` Վաշինգտոնում եղավ «Փրկենք Դարֆուրը» արշավը, որին մասնակցում ավելի քան 100 հազար մարդ էր մասնակցում: Բոլորը եկան ու ելույթ ունեցան, այդ թվում՝ սենատոր Օբաման ու սենատոր Քլինթոնը: Այդ վայրկյանը բյուրեղացման վայրկյանն է, և բոլորն էին դա զգում: Եվ դա էլ հենց խնդիր է, քանի որ բոլորը մտածում են` վերջ, Դարֆուրի հարցը լուծեցինք, անցնենք հաջորդին: Ճշմարտությունն այն է, որ պետք է շարունակաբար աշխատանք տանել մեր կարեցածի չափով, լոբբի անել այն մարդկանց, ովքեր քաղաքականություն են մշակում, ուշադրությունը մշտարթուն պահել:

Մեկնաբանել