Լիոնում մեկնարկել են Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները

MAIN-general-view-of-Lyon-FranceԼուսանկարիչ Խաժակ Օհանյանի «Հալեպ 1915…» ցուցահանդեսով Ֆրանսիայի Լիոն քաղաքում մարտի 10-ին մեկնարկել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը: Ինչպես հաղորդում են արտգործնախարարության մամուլի ծառայությունից, ցուցահանդեսի կազմակերպիչներն են Լիոնի քաղաքային գրադարանը, «Բուլուկյան» հիմնադրամը և Դեսինի Հայ հուշագրության ազգային կենտրոնը:

Ցուցահանդեսի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Լիոնի առաջին փոխքաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը, Լիոնի` պատմական ժառանգության, հիշողության և նախկին ռազմիկների հարցերով փոխքաղաքապետ Ժան-Դոմինիկ Դյուրանը, «Բուլուկյան» հիմնադրամի նախագահ Ժան-Պիեր Կլավերանը, Հայ հուշագրության ազգային կենտրոնի նախագահ Ժուլ Մարտիրոսյանը:

Ցեղասպանությունը վերապրած իր հոր պատմությամբ ոգեշնչված լիոնահայ լուսանկարչի աշխատանքները պատկերում են Հալեպը՝ միաժամանակ ներկայացնելով տարբեր փիլիսոփաների և պատմաբանների մտքեր:

Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 16-ը «Բուլուկյան» հիմնադրամի սրահում: