Ռուսաստանը պատրաստ է աջակցել աբխազական երկաթուղու վերագործարկմանը. Լավրով

Passenger_train_in_Psyrtskha_AbkhaziaՌուսաստաանը պատրաստակամ է Մոսկվա-Սուխումի-Թբիլիսի երկաթուղու վերագործարկման շուրջ բանակցությունների հարցում՝ հաշվի առնելով հանգամանքը, որ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը, միջպետական պայմանավորվածությունների համաձայն՝ մասնակցում է երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկմանը: Այսպիսի հայտարարություն է արել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մարտի 11-ին Մոսկվայում Աբխազիայի արտաքին գործերի նախարար Վյաչեսլավ Չիրիկբայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

«Հիմնական որոշումը պետք է կայացնեն նախագծի անմիջական մասնակիցները, առաջին հերթին՝ Աբխազիան և Վրաստանը: Հասկանալի պատճառներով մեծապես հետաքրքրված է Հայաստանը: Պատրաստակամ կլինենք աջակցելու վերագործարկմանն այդ ուղղությամբ, սակայն կրկնում եմ, պայմանների շուրջ պետք է պայմանավորվեն առաջին հերթին Սուխումին և Թբիլիսին»,- ասել է Լավրովը:

Ասուլիսին նախորդել էր Աբխազիայի և Ռուսաստանի արտգործնախարարների կողմից համակարգված և համաձայնեցված արտաքին քաղաքականություն վարելու մասին հուշագրի ստորագրումը:

«Ռուսաստանը կօգնի Աբխազիային արտաքին քաղաքական դիրքերն ամրապնդելու ուղղությամբ», – հայտարարել էր Լավրովը:

***

Ռուսաստանի և Աբխազիայի միջև դաշնակցության և ռազմավարական գործակցության մասին պայմանագիրը ստորագրվել է 2014-ի նոյեմբերին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբայի կողմից: Այդ ժամանակ Պուտինը հայտարարել էր, որ «Ռուսաստանն ու Աբխազիան պատրաստ են մտածել Մոսկվայի, Սուխումիի, Թբիլիսիի և Երևանի միջև երկաթուղային տարանցիկ հաղորդակցության ստեղծման շուրջ»։

Հայաստանի տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը նոյեմբերի սկզբին հայտարարել էր, որ աբխազական երկաթուղու վերագործարկման շուրջ փակ բանակցություններ են ընթանում, «ռուսական և վրացական կողմը խիստ կարևորում են աբխազական հատվածի երկաթուղային կապի վերականգնման գործընթացը»: Թբիլիսին կտրականապես հերքել է հայկական կողմի՝ փակ բանակցություններին մասնակցության մասին հայտարարությունը: