ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 12-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ինչպես հաղորդում են ՀՀ նախագահի գրասենյակից, «հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները համաձայնեցրել են իրենց առաջիկա հանդիպումների ծրագրերը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ անցկացվելիք միջոցառումներին համատեղ մասնակցության շրջանակներում»:
Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը քննարկել են հայ-ռուսական դաշնակցային գործընկերության առանցքային թեմաները, մտքեր են փոխանակել «Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին» պայմանագրի՝ հունվարի 2-ին ուժի մեջ մտնելուց հետո ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման շուրջ:
Երկկողմ փոխգործակցությանը վերաբերող հարցերի շրջանակում Սարգսյանն ու Պուտինը անդրադարձել են հատկապես խաղաղ ատոմի ոլորտին և նավթագազային բնագավառին: