Աբրահամյանը Քուվեյթին առաջարկում է ԵՏՄ դուրս գալ Հայաստանի վրայով

Arevtrayin palat1 Հովիկ Աբրահամյան, Աբդուլ Վահաբ Մուհամադ Ալ-Վազանի:

Հայաստանը կարող է Քուվեյթի համար դառնալ Եվրասիական տնտեսական միության շուկա դուրս գալու լավ հարթակ: Այսպիսի հայտարարություն է արել Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը մարտի 12-ին Քուվեյթի առևտրի և արդյունաբերության պալատի խորհրդի նախագահի առաջին տեղակալ Աբդուլ Վահաբ Մուհամադ Ալ-Վազանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը: Վարչապետը պաշտոնական այցով Քուվեյթ է մեկնել մարտի 11-ին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ներկայացնել ներդրումային տարբեր նախագծերի առաջարկներ, որոնք կնպաստեն Հայաստանի և Քուվեյթի միջև տնտեսական համագործակցության ընդլայնմանը: Երկուստեք նշվել է, որ առկա է տնտեսական համագործակցության մեծ ներուժ, ինչի իրացման գործում կարևորվել է բիզնես ֆորումների անցկացումը, պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ ուղղությամբ առաջիկայում իրականացնել հստակ քայլեր:

Աբրահամյանը հանդիպել է նաև «Արաբական տնտեսական զարգացման Քուվեյթի հիմնադրամի» գլխավոր տնօրենի տեղակալ Հիշամ Իբրահիմ Ալ-Ուաքայանի հետ: Վերջինս ասել է, որ հիմնադրամը շահագրգիռ է Հայաստանում խոշոր ներդրումներ իրականացնելու գործում և պատրաստակամություն է հայտնել քննարկելու տարբեր մեծածավալ նախագծեր՝ դրանք կյանքի կոչելու համար: Հիշամ Իբրահիմ Ալ-Ուաքայանը նշել է, որ հիմնադրամը Հայաստանում նաև մի շարք ծրագրեր է իրականացնում միջազգային ֆինանսական կառույցների, այդ թվում՝ Ասիական զարգացման բանկի, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) շրջանակում և այսուհետ ևս կշարունակի աջակցել ՀՀ-ի տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի կյանքի կոչմանը:

Մեկնաբանել