Ապրիլը` Գլենդելում Հայոց ցեղասպանության հիշատակման ամիս

0312Glendale-Council1Գլենդելի քաղաքային խորհուրդը՝ քաղաքապետ Զարեհ Սինանյանի գլխավարությամբ, մարտի 10-ին հռչակագիր  է ընդունել՝ ապրիլ ամիսը հայտարարելով «Հայոց ցեղասպանության հիշատակման ամիս», հաղորդում է Asbarez-ը:

Խորհրդի կողմից նաև բանաձև է ընդունվել, որով խորհուրդը պահանջում է, որ Գլենդելի դպրոցներում, թանգարաններում ու գրադարաններում Ցեղասպանության վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ներկայացվի: Բանաձևը ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին ուղղված կոչ է պարունակում՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ջանք չխնայելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն աջակցելու, Թուրքիայի իշխանություններին օգնելու՝ Ցեղասպանության փաստն ամբողջովին ընդունելու ու հայ ժողովրդին փոխհատուցելու հարցերում:

Բացի այդ՝ խորհրդի անդամները հորդորել են Վաշինգտոնի իրենց պաշտոնակիցներին՝ հետևելու իրենց օրինակին:

Բանաձևի կրկնօրինակները փոխանցվելու են ԱՄՆ-ի նախագահին, փոխնախագահին, Ներկայացուցիչների պալատի խոսնակին, ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանին և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների: